Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր կրկին «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են՝ պահանջում են, որ ռուսաստանցի խաղաղապահները կատարեն եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պարտավորությունը:
Ակցիայի մասնակիցները, ինչպես նախորդ շաբաթ, այսօր էլ հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, իրենց աջակցությունը հայտնել արցախահայությանը, հայտարարել՝ հայ ժողովրդի պարտավորությունն է Ռուսաստանից պահանջել ճանապարհի բացում:
Ավելի ուշ, ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են ռազմաբազայի երկրորդ մուտքի մոտ, որը շրջապատված է եղել ոստիկաններով:
Ցուցարարները ցանկացել են վրաններ տեղադրել բազայի հիմնական մուտքի մոտ, սակայն ոստիկանները արգելել են՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան կառույցների՝ Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի թույլտվությունը։