Էկվադորյան կլիման՝ հոլանդական տեխնոլոգիայով, Հայաստանի ջերմատներում: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա կառուցված այս ջերմոցում, կարողանում են ոչ միայն էկվադորյան վարդեր աճեցնել, այլև կտրոններ ստանալ:
Դրանք հիմա արդեն կարելի է գնել Հայաստանում ու ավելի մատչելի՝ ասում է «Վարդ ագրո» ընկերության տնօրենը: Մեր երկրում ջերմատներ կառուցելու համար տնտեսվարողները նախընտրում են բարձր լեռնային տարածքները՝ արևի ճառագայթներին մոտ, որտեղ լուսավորությունն է շատ: Աշխարհում հայտնի հոլանդական տեխնոլոգիայով էկվադորյան վարդեր աճեցնելու նախապայմաններ կան՝ ասում է Հովհաննես Քաղքցյանը: Նույնիսկ առաջարկ կա այստեղ աճեցված վարդերը նախ տեղափոխել Հոլանդիա, այնուհետև առաքել աշխարհի տարբեր շուկաներ: Բայց դրա համար համապատասխան ծավալներ են պետք՝ պահանջարկն է մեծ:
Հովհաննես Քաղքցյան («Վարդ ագրո» ընկերության տնօրեն) - Իրենք ուզում են մեր վարդերը, որ շատ լավն են, արտահանեն Հոլանդիա, իրենց բրենդի տակ վաճառեն, էդ է իրենց ուզածը: Նախկինում հավատում էինք, որ մենակ հոլանդական է լինում վարդը, բայց էսօր ապացուցեցինք, որ հայկական վարդը ավելի որակով է ու գեղեցիկ տեսք ունի:
Ընկերությունը նաև Հայաստանում ջերմատներ է կառուցում, նպատակ ունեն ստեղծել նաև վարդերի լոգիստիկ կենտրոն ու վարդեր աճեցնողներին աջակցել նաև արտահանման հարցում: Ջերմոցային բիզնեսով հետաքրքրվողների թիվը Հայաստանում ավելացավ, երբ Կառավարությունը պետական աջակցության ծրագրեր սկսեց: Ջերմատնային ոլորտի զարգացումը Հայաստանում ոչ միայն հեռանկարային է, այլև կարևոր է երկրի պարենային անվտանգության տեսանկյունից՝ ասում է գյուղոլորտի փորձագետը:
Գառնիկ Պետրոսյան (ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար) - Կարող ենք Իսրայելի այդ լավ օրինակը դիտարկել և համեմատել: Պետք է ուղղակի ամեն ինչ անել, որ արտադրությունը, բիզնեսը շատ քիչ կախված լինի արտաքին գործոններից, հատկապես կլիմայական փոփոխություններից:
Ծրագիրը պետք է շարունակվի՝ ասում է փորձագետը, իհարկե, տարեցտարի բարելավելով պայմանները: Հիմա Հայաստանում ջերմատնային տնտեսությունների պետական աջակցության երկու ծրագիր է գործում՝ փոքր և միջին ջերմատների փոխհատուցման և ագրոպարենային լիզինգի ծրագրերը: Վերջինով հիմնականում կառուցվում են խոշոր՝ չորրորդ, հինգերորդ սերնդի ջերմատներ:
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Այս երկու ծրագրերը՝ մեկը մյուսին լրացնող, կարող ենք դիտարկել շուկայում, որովհետև խոշոր տնտեսությունների ստեղծած արտադրանքը հիմնականում արտահանվում է, իսկ փոքր տնտեսությունների արտադրանքը հիմնականում ներքին շուկայում սպառում է ապահովում:
Ջերմատնային տնտեսությունների ոլորտում վերջին 4 տարում շուրջ 13 միլիարդ դրամի ներդրում է իրականացվել՝ մասնավոր-պետություն գործակցությամբ, որից ինը միլիարդով կառուցել են հինգերորդ սերդի նոր ջերմոցներ, 2.7 միլիարդը ծախսվել է եղած ջերմոցների վերազինման նպատակով: Ծրագրերի մեկնարկից մինչև օրս 17 հեկտար ջերմատուն է կառուցվել։ Միայն 2022-ին հաստատվել է 5,5 հեկտար ջերմատան կառուցման հայտ՝ ասում է գյուղատնտեսական ծրագրերի մշակման պատասխանատուն։ Մասնագիտական հաշվարկներով՝ մեկ հեկտար ջերմատունը գյուղական բնակավայրերում ստեղծում է 10 նոր աշխատատեղ: Արարատի և Արագածոտնի մարզերից բացի ջերմատնային տնտեսություններ կառուցելու միտում է նկատվում նաև Շիրակում, Գեղարքունիքում: Հիմնականում բանջարեղեն են աճեցնում: