Հայաստանում գործող մոտ 35 հազար ավագ ու միջին բուժաշխատողից մասնագիտությամբ աշխատելու իրավունքի հավաստագիր ձեռք է բերել 25 հազարը: Եվս 5 հազարը հայտ է ներկայացրել առողջապահության ազգային ինստիտուտ և ստացել տեղեկանք, որ հավաստագրման գործընթացում է: Մնացած մոտ 5 հազարը փաստորեն չունի ո՛չ հավաստագիր, ո՛չ էլ տեղեկանք, ինչը նշանակում է, որ տարեսկզբից արդեն աշխատելու իրավունք նրանց չպետք է տրվեր:
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱԱԻ մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար) - Յուրաքանչյուր բուժաշխատող արդեն ինքն է կրում պատասխանատվությունը և ռիսկերը իր աշխատանքի թույլտվության:
Թե ընդհանուր առմամբ քանի բուժաշխատող է նոր պահանջներին չբավարարելու պատճառով ազատվել աշխատանքից կամ ազատվե՞լ է արդյոք՝ ամփոփ տվյալներ չկան: Որոշակի տեղեկություններ հայտնեց Երևանի քաղաքապետարանը: Համայնքային ենթակայության 29 բուժհաստատությունում կա գրեթե 3750 բուժաշխատող: Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ չեն կուտակել 15-ը:
5 տարի ժամկետով աշխատելու իրավունք տվող այս հավաստագիրը ստանալու համար բուժաշխատողները պետք է նախորդ տարիներին կուտակած լինեին մասնագիտական զարգացման նվազագույն կրեդիտներ և ունենային նվազագույնը երեք տարվա մասնագիտական ստաժ կամ էլ բժշկական կրթության վկայականը ստացած լինեին վերջին տարիներին: Այն բուժաշխատողները, որոնք չեն հասցրել կուտակել բավարար կրեդիտներ, բայց ունեն դրա 70 տոկոսը, նաև աշխատանքային ստաժը երեք տարուց պակաս է, կարող են հավաստագիր ստանալ թեստավորման միջոցով: 100 հարց և 90 րոպե: Անցողիկ շեմը 80-ն է:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ (բուժքույր) - Եկել եմ Տավուշի մարզի Բերդ քաղաքից: Նախօրոք զանգել, ժամ էին ասել, որ ամսի 11-ին՝ ժամը 13-ին, թեստավորման օրն է: Հիմա սրտատրոփ սպասում եմ թեստավորման: Իմ կրեդիտները նորմալ է, ուղղակի ստաժ չունեմ: Տարուց ավելի աշխատում եմ, պետք է երեք տարվա ստաժ ունենանք, որ էլ քննություն չհանձնենք, իսկ ես չունեմ երեք տարվա ստաժ:
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Թեստավորման հիմնականում դիմում են այն բուժաշխատողները, որոնց աշխատանքային ստաժը երեք տարուց պակաս է, քանի որ դիմած գրեթե բոլոր բուժաշխատողները ապահովում են կրեդիտների գոնե նվազագույն քանակը:
Թեստավորման համար դիմել է 1000-ից ավելի բուժաշխատող: 500-ին հավաստագիր է շնորհվել: Մյուսները իրավունք ունեն քննություն հանձնել այնքան անգամ, քանի դեռ բավարար միավորներ չեն ստացել: Թեստերը, իհարկե, չեն կրկնվում: Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակում է ընդունել նաև հավաստագրման նոր հայտեր: Ոլորտում վերահսկողություն պետք է իրականացնի աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը: Ստուգումներ արդեն իսկ իրականացվել են կամ նախատեսվում են՝ մեզ պարզել չհաջողվեց:
Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը առաջացնում է տուգանք 300 000 դրամի չափով: Տույժի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելն առաջացնում է 600 հազար դրամ տուգանք:
Հեղինակ՝ Աննա Զախարյան