Լաչինի միջանցքով հաղորդակցությունը ավելի քան մեկ ամիս է՝ արգելափակված է՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
«Ամեն օր առևտրային փոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չեն կարողանում ազատ հասնել Լեռնային Ղարաբաղ: Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- նշել է Փաուերը։
ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԼՂ-ՈՒՄ. FREEDOM HOUSE
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական նշանակության պաշարները սպառվում են։ Այս մասին նշված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Մենք կրկին Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել շրջափակումը։ Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել շրջափակման վերացմանը և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է երաշխավորվեն»,- նշել են կազմակերպությունում:
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ ԱՌԱՆՑ ՀԱՊԱՂՄԱՆ. ԶՈՎԿՈ
Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի` խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա: Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը, հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին, գործի դնել բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար։ Նա դիմել է նաև ԵՄ բոլոր ինստիտուտներին` անմիջապես ակտիվացնելու միջնորդական ներգրավվածությունը և կանխարգելիչ դիվանագիտությունը` նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԼՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ. ԶՅՈԴԵՐ
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում 120000 մարդու համար արտաքին աշխարհի հետ միակ կապող օղակի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է շվեդ պատգամավոր Բյորն Զյոդերը:
«Հակառակ դեպքում դա կվերածվի հսկայական մարդասիրական աղետի։ Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- գրել է պատգամավորը։
ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՔՎԻՆ ՀԱՐԳԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Միացյալ Նահանգները շարունակում է խորությամբ զբաղվել և ուղղակիորեն բարձրացնել Ադրբեջանում ակտիվիստ Բախտիար Հաջիևի և քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունների հարցը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի խթանմանը, և այս դեպքում մենք կրկին կոչ ենք անում կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ՝ խաղաղ արտահայտվելու իրավունքը»,- նշել է պաշտոնյան:
Պատելը վերահաստատել է, որ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն են դարձնում այդ խնդրին և խորապես մտահոգված են այդ ձերբակալություններով, ինչպես նաև կոչ են անում Բաքվին հնարավորինս շուտ ազատել նշված անձանց:
ԵՄ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ
Եվրամիությունը մտահոգված է իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությամբ, ինչպես նաև վերջերս Էլչին Սադիգովի և Ավազ Զեյնալլիի նախնական կալանքի ժամկետների երկարաձգմամբ: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրանց, ովքեր գտնվում են անազատության մեջ իրենց հիմնական իրավունքների իրականացման համար, և վերացնել սահմանափակումները Էլչին Սադիգովի նկատմամբ»,- ասված է փաստաթղթում:
Եվրամիությունը նաև հավատարմություն է հայտնել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների ոլորտում երկխոսության և համագործակցության շարունակմանը և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը։