Դրամաշնորհ թրաֆիքինգի դեմ պայքարող հասարակական կազմակերպություններին: Արդեն երրորդ տարին է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական բյուջեի ֆինանսավորմամբ 40 միլիոն դրամ է հատկացնում մրցութային կարգով ընտրվող կազմակերպությանը, որն օգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց: Ծառայությունները գործում են ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար:
Քրիստինա Հովհաննիսյան (ՀՀ ԱՍՀՆ հավասար հնարավորություների ապահովման վարչության պետ) - Նախարարությունը տրամադրում է դրամաշնորհային միջոցներ հաղթող կազմակերպությանը, և հաղթող կազմակերպությունն արդեն տարբեր ծառայություններ է մատուցում թրաֆիքինգի զոհերին, թրաֆիքինգի նախանույնացված կամ ինքնանույնացված զոհերին, ռիսկի խմբում գտնվող անձանց:
Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին տարիներին թրաֆիքինգի դեմ պայքարը զգալիորեն ակտիվացել է: Ըստ միջազգային զեկույցների՝ Հայաստանը 2020 թվականին այն երկրների շարքում էր, որոնք այնքան էլ ակտիվ ջանքեր չէին գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում, սակայն 2021-22 թվականներին մեր երկիրը բարելավել է դիրքերը: Թրաֆիքինգի մասին սկսել են նաև ավելի շատ բարձրաձայնել, և նկատվել է գրանցված դեպքերի աճ:
Լիանա Թորոսյան («Դեմոկրատիան այսօր» ՀԿ թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրի համակարգող) - Մեր կազմակերպության գործունեության արդյունքում ակնհայտ է դարձել, որ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել ներքին թրաֆիքինգի աճ: Այսինքն՝ դեպքերը, որոնք գրանցվում են, Հայաստանի սահմանների ներսում են. և՛ աշխատանքային թրաֆիքինգ, և՛ սեռական թրաֆիքինգ:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն, որ պետական դրամաշնորհային մրցույթի 2022 թվականի հաղթողն է, թրաֆիքինգի զոհ ճանաչված անձանց համար իրականացնում է կարիքների գնահատում, անցկացնում տեղեկատվական արշավներ և խորհրդատվական ծառայություն:
Լիանա Թորոսյան - Անձին կարող է տրամադրվել հոգեբանական ծառայություն, եթե դատական գործ է ընթանում, փաստաբան կարող ենք տրամադրել, կացարանի անհրաժեշտության դեպքում մենք ունենք կացարան, որտեղ թրաֆիքինգի ենթարկված անձինք կարողանում են բնակվել: Եթե ունեն անձնագրերի հետ խնդիրներ, կազմակերպվում է նրանց փաստաթղթերի վերականգնման գործընթացը:
Այս պահին 2023 թվականի մրցույթի ամփոփման շրջանն է: Նախարարությունից հավաստիացնում են՝ ամեն տարի մոնիթորինգի է ենթարկվում թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագիրը՝ նախքան դրամաշնորհի տրամադրումը, և ավելացվում են թրաֆիքինգի զոհերին տրամադրվող ծառայությունները:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան