Էջմիածնի 7-րդ դպրոցի տարրական դասարանցիներն այսուհետև կօգտվեն «Տաք սնունդ» ծրագրից: Կրթօջախը ծրագրի շահառու է դարձել դեռ նախորդ տարի: Բայց քանի որ ճաշարանն ու խոհանոցը հիմնանորոգման փուլում էին, դպրոցականներն օգտվում էին չոր սննդից: Հիմա՝ նորոգումից հետո, 352 երեխա ամեն օր դպրոցում առողջ կսնվի:
Ճաշացանկը կազմել են բժիշկ-դիետոլոգի հետ խորհրդակցելուց հետո: Մսամթերքները, բացառությամբ հավի կրծքամսի, արգելվել են: Չեն լինի նաև ցիտրուսային մրգեր, կրեմով թխվածք և կանաչի:
Վարուժան Հայրապետյան (Էջմիածնի 7-րդ դպրոցի տնօրեն) - Ճաշերի մեջ կանաչի չենք տալիս, կարծում եմ՝ խեղդվելու հետ է կապված, կամ՝ կանաչին սրսկած լինեն, ինչը վտանգավոր է երեխայի համար:
Ծրագրից գոհ են նաև ծնողները: Երեխաները, որ տանը հրաժարվում են ապուրներից, դպրոցում հաճույքով ուտում են:
Լիլիթ Եղիազարյան (ծնող) - Այստեղ ընկերներով սնվում են՝ մեկը մեկին նայելով, դա շատ լավ է: Խոհարարներն էլ են լավ պատրաստում, իմ երեխան ամեն բան չի ուտում, բայց այստեղ հավեսով սնվում է:
Ծրագրին մասնակցել են պետությունը, դպրոցը և ծնողները: Կառավարությունը հիմնանորոգման համար անհրաժեշտ շինանյութն է գնել, հետո նաև խոհանոցային տեխնիկա տրամադրել: Դպրոցը, տնտեսած միջոցներով ներքին հարդարումն է կատարել, ծնողներն էլ սեփական նախաձեռնությամբ սպասքն են գնել:
Վարուժան Հայրապետյան - Իրենք էլ վերահսկում են. կարող են գալ, սնունդը ստուգել, ներկա լինել: Ունենք նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնց ծնողները կարող են գալ և օգնել:
Դպրոցը նաև սննդի լրացուցիչ ցանկ ունի: Այստեղ ներառված մթերքները, օրինակ՝ յոգուրտ, մածուն, թարմ բանջարեղեն, չնայած դիետոլոգի ցուցակում չկան, բայց երեխաներին հակացուցված էլ չեն: