Առաջիկա 2 տարիների գլխավոր խնդիրներից է լինելու կենսապահովման ճգնաժամը. նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ ռիսկերին վերաբերող զեկույցում։ Ավելի քան 1200 փորձագետների և բիզնեսի ներկայացուցիչների հարցումների վ րա հիմնված զեկույցում ռիսկերի ցանկում երկրորդը բնական աղետներն ու եղանակային անոմալ երևույթներն են, երրորդ ռիսկը՝ աշխարհատնտեսական առճակատումը: 10 տարվա կտրվածքով գլխավոր ռիսկը համարվում է կլիմայի փոփոխության հետ կապված սպառնալիքները: Ռիսկերի տասնյակում է նաև լայնածավալ միգրացիան:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Երբ որ ուսումնասիրում ենք մենք, օրինակ, վերջին 10 տարիների կտրվածքով այդ զեկույցների և առկա ռիսկերի տրամաբանությունը, նկատելի է, որ մոտ 10 տարի առաջ այդ ռիսկերն ունեին ավելի շատ տնտեսական, ֆինանսական բնույթ, հետագա տարիների համար երբ որ դիտարկում ենք դրանք, ավելի շատ գնում են դեպի կլիմայի և բնապահպանական փոփոխությունների և հիմնականում ռեսուրսների սակավության հետ կապված ճգնաժամերի կամ ռիսկերի դաշտ:
Կլիմայի փոփոխությունը և պետական պարտքի հետ կապված համատարած ռիսկը, ըստ փորձագետի, զեկույցում նոր է տեղ գտնում: Կան նաև ռիսկեր, որոնք նոր չեն և աշխարհը դրանց առերեսվում է ամեն տարի:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Օրինակ` առևտրային պատերազմները, սոցիալական լարվածությունը. դրանք, օրինակ, ռիսկեր են, որոնց աշխարհը նախկինում առերեսվել է, օրինակ, որոշակիորեն նույն առևտրային պատերազմները թրենդ են, որը սկսվել է Թրամփի ադմինիստրացիայի ժամանակահատվածից, այսինքն` նույն ԱՄՆ-Չինաստան առևտրային հակասությունները և դրա արդյունքում առևտրի ռեժիմների խստացումները:
Զեկույցում յուրաքանչյուր երկրի համար նաև անհատական 5 ռիսկ է առանձնացված: Հայաստանի դեպքում փորձագետների համար տարվա գլխավոր մարտահրավերներն են հակամարտությունը, գնաճը, սոցիալական հարցերը:
Վիլեն Խաչատրյան - Մյուսը` կարող են տեղի ունենալ որոշակի ապրանքների մատակարարման հետ կապված շոկեր, մյուսը առնչվում է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կոնֆրոնտացիաների և կոնֆլիկտային հակադրումների, քանի որ որոշակի առումով մենք հայտնվել ենք շահերի կենտրոնում, և տարբեր երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան և այլն, որոնք ներգրավված են մեր տարածաշրջանում խնդիրները կարգավորելու հարցի մեջ, հնարավոր է, որ վերջիններիս աշխարհատնտեսական շահերի բախման կետում գտնվենք:
Հայաստանը անմասն չի մնա գլոբալ ռիսկերից նշում է Նարեկ Կարապետյանը, սակայն հիշեցնում 2022-ի փորձը:
Նարեկ Կարապետյան - Մեր անցյալ տարվա փորձը ցույց է տալիս, որ կարող են այդ տնտեսական ազդեցությունները լրիվ անսպասելի ուղղությամբ լինել: Օրինակ՝ եթե մենք անցած տարի դեռ ռուս-ուկրաինական պատերազմի բռնկման հետ կարծում էինք, որ սա զգալի բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, ըստ էության` այլ պատկեր տեսանք:
Մասնագետները նշում են՝ ռուս-ուկրաիանական հակամարտության ավարտը կարող է ակնկալվող ռիսկերը նվազեցնել, սակայն երկարաժամկետ կտրվածքով կլիմայի հետ կապված խնդիրներն այս պահին աշխարհի տարբեր երկրների և փորձագիտական կենտրոնների ուսումնասիրության գլխավոր թեմաներից են:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան