Միացյալ Նահանգները շարունակում է խորությամբ զբաղվել և ուղղակիորեն բարձրացնել Ադրբեջանում ակտիվիստ Բախտիար Հաջիևի և քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունների հարցը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի խթանմանը, և այս դեպքում մենք կրկին կոչ ենք անում կառավարությանը՝ հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ՝ խաղաղ արտահայտվելու իրավունքը»,- նշել է պաշտոնյան:
Պատելը վերահաստատել է, որ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն են դարձնում այդ խնդրին և խորապես մտահոգված են այդ ձերբակալություններով, ինչպես նաև կոչ են անում Բաքվին՝ հնարավորինս շուտ ազատել նշված անձանց: