Վաշինգտոնում ուսանում են գրաբար։ Ամերիկյան մայրաքաղաքի կաթոլիկ համալսարանում գրաբարի մասնագետներ են պատրաստում արդեն մեկ դարից ավելի։ Մինչև փետրվար ամիսն էլ գրադարանում հայկական ցուցադրություն են կազմակերպել։
Ռոբին Դարլինգ Յանգն ու Մոնիկա Բլանշարդը Կաթոլիկ համալսարանի հայագետներն են։ Գրադարանի հայկական ցուցադրությունն իրենք են կազմակերպել և համալսարանի այս մասում հաճախ են լինում։ 17-րդ դարի Սիմեոն Լեհացու տպագրություններից ունեն։
Մոնիկա Բլանշարդ - 17-րդ դարի սկզբում Ստեփանոս Լեհացին իր ընտանիքը Լեհաստանից ուղարկեց Էջմիածին, որտեղ նա անցկացրեց իր կյանքի հիմնական մնացած մասը։ Երախտապարտ ենք այն թարգմանությունների և աստվածաբանական ուսումնասիրությունների համար, որ կատարել է Սիմոն Լեհացին։ Նա հայերեն թարգմանեց նախկինում չուսումնասիրված աղբյուներ, լատիներենից հայերեն թարգմանեց Ղուրանը։
Հռոմում տպված հայերեն-լատիներեն բառարան, հայերեն այբբենարան, քերականության դասագրքեր ու հին քարտեզ ունեն։ Ռոբին Դարլինգ Յանգը հիմա հետաքրքրվում է Եզնիկ Կողբացու գործերով ու թարգմանություններ է անում գրաբարից:
Ռոբին Դարլինգ Յանգ - Տարեկան 2 կամ 3 ուսանող է մասնակցում հայերենի դասերին։ Նրանց գրավում է լեզվի գեղեցկությունը, նաև այն, որ հայերենով պահպանվել են աղբյուրներ, որոնք այլ լեզուներում չեն պահպանվել: Ուսանողներն ու նաև մենք նկատել ենք, որ հայ հեղինակների շատ արժեքավոր գործեր միջազգային պատշաճ ճանաչում չեն գտել։ Իհարկե, հայ պատմաբաններն ուսումնասիրել են դրանք, բայց ոչ՝ միջազգային մասնագետները։
Դեռևս 19-րդ դարում Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանում հայերենի, ասորերենի, քրիստոնյա արևելքի ուսումնասիրության վրա մեծ ուշադրություն է դարձրել Հենրի Հիվերնաթը, որը 19-րդ դարի վերջին հիմնել է Համալսարանի Քրիստոնյա արևելքի ուսումնասիրության ֆակուլտետը։ Ինքն էլ հայթայթել էր որոշ ձեռագրեր ու նմուշներ, շատերը հետագայում նվիրաբերել են սփյուռքահայերը կամ ամերիկացի հայագետները, նրանց ընտանիքները։ Նույն ֆակուլտետում գիտական աշխատանք է Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու քահանան և պատակական չէր, որ վերջերս հենց այստեղ նշեցին մեր եկեղեցու իննսուներորդ տարեդարձը։
Տարեդարձի առիթով շնորհավորականներ էին ուղարկել նախագահ Բայդենը, Վաշինգտոնի քաղաքապետն ու Վիրջինայի նահանգապետը։
Ջո Բայդեն (ԱՄՆ Նախագահ) - Շնորհավորում եմ Ձեզ՝ 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հավատքի օջախներն
ամերիկյան հասարակության կյանքի կարևոր մասն են կազմում մեր պատմության առաջին իսկ օրվանից։
Գլեն Յոնգկին (Վիրջինիայի նահանգապետ) - Վիրջինիա նահանգի անունից շնորհավորում եմ Ձեր եկեղեցու 90-րդ տարեդարձը։ Վերջին 90 տարիներին Սբ Մարիամ հայկական եկեղեցին Ձեր համայնքի ոգեշնչման աղբյուրն է եղել։
Միրիել Բաուսեր (Վաշինգտոնի քաղաքապետ) - 1932-ին Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրմամբ վաշինգոնահայերն ունեցան աղոթատեղի՝ մայրաքաղաքի սահմաններում։ Տեր Հովսեփ Կարապետյանի ղեկավարությամբ մերօրյա Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին շարունակում է հանդես գալ որպես կրոնական և մշակութային կյանքի կենտրոն, տնտեսական, կրթական ու սոցիալական զարգացումների շարժիչ ուժ։
Տ. Հովսեփ քահանա Կարապետյան (Վաշինգտոնի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա) - Մեր եկեղեցին միայն քարից, ապակուց կամ մետաղից չէ։ Մեր եկեղեցու հիմքում մարդիկ են, որոնք իրենց հավատքով ու ծառայությամբ ապահովում են եկեղեցու կենսագործունեությունը։ Մեր նպատակն է ձևավորել հայ համայնք, որի ներկայացուցիչները կծառայեն Աստծուն, մեր հավատքին և մեր ազգային ժառանգությանը։
Տարեդարձի առիթով մրցանակներ ստացան եկեղեցու ծխական խորհրդի անդամները, Պետքարտուարության նախկին աշխատակից Էդվարդ Տեր-Ալեքսանյանը, ամերիկյան կառավարական համակարգում ամենաբարձր պաշտոնին հասած Փոլ Իգնատիուս-Իգնատոսյանը: 1967-69 թթ. Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախարարի դուստր Սարա Իգնատիուսն էլ պատմեց Հայաստանի Հանրապետություն և պատմական Հայաստան իրենց այցելությունների մասին։