Արցախում գտնվող այն ուսանողները, որոնք Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել, կարող են քննություններին հեռավար մասնակցել: Հայաստանյան բուհերը ստեղծված իրավիճակում առաջնորդվելու են ԿԳՄՍ նախարարության շրջաբերականով. անհատական մոտեցում է ցուցաբերվելու այս պահին Արցախում գտնվող ուսանողների նկատմամբ, մասնավորապես՝ բացակայությունները հարգելի համարելու, ուսումնական պլանով նախատեսված ընթացիկ և միջանկյալ քննությունների հանձնման գործընթացների համար սահմանվելու է հատուկ ձևաչափ և անհատական ժամանակացույց։ Երևանի պետական համալսարանից տեղեկացնում են՝ այս քննական շրջանում անցկացված քննություններին որևէ խնդիր դեռ չի արձանագրվել. միակ ռիսկը ինտերնետային խափանումն է:
Էլինա Ասրյան (ԵՊՀ ակադեմիական գծով պրոռեկտոր) - Քվոտայով սովորող 87 արցախցի ունենք բակալավրիատում, և 20՝ մագիստրատուրայում: Այս պահին նրանցից 12-ը գտնվում են Արցախում, այսինքն՝ շրջափակման մեջ են:
Մայր բուհի պատմության ֆակուլտետի ուսանողուհի Թագուհի Սահակյանը այս պահին Արցախում է: Տուն էր գնացել դեկտեմբերի 5-ին, պատրաստվում էր Երևան գալ ճանապարհի փակման օրը: Հիմա, իրավիճակով պայմանավորված, առցանց ձևաչափով է մասնակցելու քննություններին:
Թագուհի Սահակյան (ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող) - Մասնակցել եմ դեռ մեկ քննության ու ոչ մի խնդիր չի եղել օնլայն ձևաչափով մասնակցելու, քանի որ հեռավար ուսուցման ժամանակներից էլ ծանոթ էինք այդ կարգին: Ե՛վ ինտերնետն էր նորմալ, և՛ այդ ընթացքում քննության և որևէ խնդիր չի եղել:
Քովիդից հետո բուհերը և ուսանողները հեռավար դասավանդման մեծ փորձ են ձեռք բերել, ինչը հեշտացնում է գործընթացը: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը ևս այս ընթացքում ինչպես դասավանդման, այնպես էլ քննությունների անցկացման խնդիր չի ունեցել: Արցախից 7 ուսանող ունեն, որոնցից մեկն է այս պահին շրջափակման մեջ: Նա սուգարքները առցանց հանձնել է, ամենօրյա կապը պահպանվում է:
Նաիրա Սաֆարյան (Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր) - Մինչև քովիդն էլ մեր համալսարանում ընդունված էր այդ պրակտիկան, այսինքն՝ քլասսռում համակարգով մենք արդեն ուսանողների հետ կարողանում էինք իրականացնել անհրաժեշտության դեպքում օնլայն դասընթացներ: Եվ քովիդի ընթացքում ավելի կոփվեցինք, հմտացանք, և ոչ մի խնդիր չի առաջացել նաև այս ընթացքում:
Բժշկական համալսարանում 200 արցախցի ուսանողից 2-ն է այս պահին այնտեղ, Տնտեսագիտական համալսարանում էլ 66 ուսանողից քննություններին առցանց մասնակցելու դիմում է ներկայացրել 9-ը, Բրյուսովում՝ 56-ից 14-ը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան