Հունվարի 1-ից կենսաթոշակների անկանխիկ վճարումը պարտադիր է նաև 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքներում: Բացառություն են 75 և բարձր տարիքի կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
Վախթանգ Բաբայան (ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վարչության պետ) - Եթե քաղաքացին դիմում չի ներկայացրել վճարման եղանակի փոփոխության, չի ընտրել վճարող կազմակերպությունը, ապա ծրագրային մոդուլի միջոցով համակարգն ընտրում է քաղաքացու փոխարեն այն կազմակերպությունների ցանկից, որոնք Կառավարության սահմանած կարգով կենսաթոշակի վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր են կնքել:
Դեռ քարտապան չդարձած թոշակառուն իր բանկի մասին կարող է տեղեկանալ՝ այցելելով Սոցապնախարարության պաշտոնական կայք: Առաջին ամսում գումարը կարող է բանկից կանխիկ ստանալ, տեղում քարտի դիմում լրացնել, ու հաջորդ ամիս գումարը կփոխանցվի քարտի իր հաշվին: Պատասխանատու գերատեսչությունից հաշվի են առնում նաև հնարավոր խնդիրները՝ գյուղերում բանկոմատների ու խանութներում պոստերմինալների բացակայությունը: Ասում են՝ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատում են նաև այդ բացը լրացնելու ուղղությամբ:
Վախթանգ Բաբայան - Այս պահի դրությամբ, մեր ունեցած տվյալներով, ՀՀ-ում 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղական համայնքների թվով 180 000 կենսաթոշակառուից 90 000 կենսաթոշակառուն անցել են կենսաթոշակի վճարման անկանխիկ եղանակի: Այդ ցուցանիշը ներկայումս ես գնահատում եմ և կարծում եմ, որ գործընթացը շարունակական բնույթ կկրի, և թիվը գնալով կավելանա:
Որ ավելի շատ քաղաքացիներ անկանխիկից օգտվեն՝ Վախթանգ Բաբայանն ասում է՝ հատկապես գյուղական բնակավայրերում վաճառք իրականացնող կազմակերպությունները պետք է հանրային պատասխանատվություն ցուցաբերեն և ներդնեն վճարման անկանխիկ համակարգեր: Կառավարությունը դեկտեմբերին վերանայեց նաև հետվճարի կամ, այսպես ասած, քեշբեքի ծրագիրը. թոշակառուն կարող է մինչև 5000 դրամ ստանալ, եթե թոշակն անկանխիկ ծախսի:
Վախթանգ Բաբայան - 2022 թվականի դեկտեմբերի, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ժամկետը երկարացնել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Սա ևս, իմ խորին համոզմամբ, պայմանավորված է նաև անկանխիկ վճարման համակարգին անցնելով և անհրաժեշտ է դիտարկել այդ համատեքստում, որը նոր մշակույթի, նոր վարքագծի ներդրման կարևոր ցուցիչ է և գործոն:
Պետական եկամուտների կոմիտեից «Լուրեր»-ին տեղեկացրին՝ 2022 թվականին մարզերում գործունեություն ծավալող շուրջ 22 հազար տնտեսվարող իրենց դիմել է պոստերմինալ ստանալու համար, թե դրանցից քանիսն է գյուղերի համար՝ չի հստակեցվում: Հիշեցնեմ, որ կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացը սկսվել է 2021-ի հուլիսից: Ծրագրի առաջին փուլով թոշակների վճարումը պարտադիր էր Երևանում, Գյումրիում և Վանաձորում: 2022-ի հունվարի 1-ից՝ հանրապետության բոլոր քաղաքներում: Մեկ տարի հետո՝ 2024-ի հունվարի 1-ից, այն պարտադիր կլինի նաև այն գյուղերի թոշակառուների համար, որոնք ունեն մինչև 1000 բնակիչ: