Դոնեցկի Սոլեդար քաղաքում շատ բարդ իրավիճակ է, սակայն ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Ռուսաստանի ուժերը դեռ վերահսկողություն չեն հաստատել քաղաքի նկատմամբ, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը: Նա հավելել է՝ չնայած կատաղի մարտերին՝ ուկրաինացի զինվորականները պահում են դիրքերը: Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմբավորման խոսնակը հերքել էր Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Սոլեդարի նկատմամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ
Ուկրաինայի ԶՈՒ զորավարժություններ է սկսել Բելառուսի հետ սահմանին: Նպատակն է՝ բարձրացնել ուկրաինական ուժերի մարտունակությունը և անհրաժեշտության դեպքում հետ մղել Բելառուսի կողմից հնարավոր ցանկացած գործողության: Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսից իրական վտանգ դեռևս չեն տեսնում, սակայն պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի:
ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԻ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսվեն, դրանք հավանաբար կանցկացվեն առանց միջնորդների: Գերատեսչության համոզմամբ՝ արևմտյան միջնորդները հաճախ այլ շահեր են հետապնդում և փորձում են ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ ոչ հօգուտ Մոսկվայի և Կիևի:
ԲԱՅԴԵՆԻ ՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Միացյալ Նահանգներում նոր սկանդալ է հասունանում: Նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր տանը, մասնավորապես՝ անձնական գրադարանում և ավտոտնակում, գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ է հայտնաբերվել: Այդ մասին անմիջապես տեղեկացվել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Նա մանրամասնել է, որ թղթերը գտել են իր փաստաբանները՝ Դելավեր նահանգի նրա տների զննության ընթացքում: Բայդենը վստահեցրել է, որ իր ներկայացուցիչները պատրաստ են համագործակցել հետաքննության հետ:
Հանրապետականները Բայդենին մեղադրել են գաղտնի փաստաթղթերի պահպանման կարգը խախտելու համար, ինչպես նաև հիշեցրել, որ ոչ շատ վաղ անցյալում Բայդենն էր մեղադրում Թրամփին գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման համար: ԱՄՆ նախագահի փաստաբանները վստահեցնում են, որ Ջո Բայդենի դեպքում խոսքը մի քանի փաստաթղթի մասին է, իսկ տեղի ունեցածը՝ անզգուշության հետևանք:
Ավելի վաղ պաշտոնական գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել նաև Վաշինգտոնում Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի շենքում: Դրանք թվագրված են 2009-2017 թվականներով, երբ Ջո Բայդեը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:
CNN-ի տվյալով՝ այդ փաստաթղթերը Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի մասին հետախուզական տվյալներ են պարունակել։ Բայդենն, իր հերթին, նշել է, որ փաստաթղթերի հայտնաբերումը նրա համար անակնկալ է եղել, դրանց բովանդակությանը նախագահը ծանոթ չէ:
Լրատվամիջոցները գրում են՝ Բայդենը պետք է պատասխանի՝ ինչու է փաստաթղթերի գտնվելու վայրի մասին տեղեկությունները հանրայնացնելու համար այսքան երկար ժամանակ պահանջվել, և ով կարող էր հասանելիություն ունենալ գաղտնի փաստաթղթերին:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում 2024 թվականին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ այս միջադեպը անհետևանք չի մնա Բայդենի համար:
ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կատարել քրդական ուժերին Սիրիայի մի շարք շրջաններից դուրս բերելու հարցում ստանձնած պարտավորությունները։ Նա տեղեկացրել է՝ հունվարի 17-ին կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ իր մտահոգությունը կհայտնի Վաշինգտոնին այն կապակցությամբ, որ վերջինս աջակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր՝ Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կկատարեն Սիրիայի սահմանին անվտանգության ապահովման իրենց պարտավորությունները, իսկ մինչ այդ Թուրքիան կշարունակի «ահաբեկչական տարրերի» դեմ պայքարը: