Ռուս զինվորականները հայտարարել են Սոլեդարն ամբողջությամբ իրենց հսկողության տակ վերցնելու մասին։ Այս փոքրիկ քաղաքը ծառայում է որպես հարավ-արևմուտքում գտնվող մյուս՝ առավել կարևոր և խոշոր Բախմուտ քաղաքի ուկրաինական պաշտպանության հենակետ, գրում է BBC-ն:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ստորաբաժանումները Սոլեդարը գրավել են հունվարի 12-ի երեկոյան։ Նրա խոսքով՝ դա թույլ է տալիս կտրել Բախմուտում ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները, «դրան կհաջորդի այնտեղ մնացած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների շրջափակումը»։
Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, հայտարարում են, որ ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և մարտերը Սոլեդարի համար շարունակվում են։
«Մարտերը շարունակվում են հենց քաղաքում, տեղեկատվությունը, որ ուկրաինական ուժերը լքել են Սոլեդարը, չեն համապատասխանում իրականությանը»,- BBC-ին ասել է Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին: