Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Սա մեր 960 մ երկարությամբ նոր ճանապարհն է, այստեղ մեր Սարալանջն է, էստեղ՝ Մարաշը: Էս ճանապարհով Մարաշը կապում ենք Սարալանջին, ու կենտրոն իջնողները Մարաշից և կենտրոն բարձրացողները դեպի Մարաշ էս ճանապարհով շրջանցելու են Արմենակյանը, ու ավելի թեթևանալու է:
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ձեռքի տակ առաջիկայում կառուցվող այլընտրանքային ճանապարհի նախագիծն է: Մայրաքաղաքի ամենածանրաբեռնված փողոցներից մեկը՝ Արմենակյանը, բեռնաթափելու համար, Գարեգին Հովսեփյան փողոցը կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին՝ Նորք-Մարաշը կապելով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններին:
Խորեն Գրիգորյան - Բոլոր մարաշցիները գիտեն՝ ինչի մասին է խոսքը, երբ դու 2-3 ժամում 10 մետր չես կարողանում, որովհետև մի կողմից՝ Սարալանջից, մյուս կողմից՝ Նորքից են միանում գծին՝ Արմենակյանին, և ունենում ենք իրական կատաստրոֆա:
Խորեն Գրիգորյանի խոսքով՝ մրցույթը կհայտարարվի փետրվարին, շինարարական աշխատանքները կսկսվեն ապրիլին, իսկ հունիսին մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից:
Խորեն Գրիգորյան - էդ ճանապարհը երկու խնդիր ա լուծում, մեկը՝ Արմենակյանն ա թեթևանում, և մյուսը՝ արևելյան կողմում ապրող մարաշցիները հեշտությամբ են գալու կենտրոն ու հակառակը՝ չստեղծելով ոչ մի խցանում:
Մինչև տարեվերջ կկառուցվի նաև երկրորդ այլընտրանքային ճանապարհը: Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսվում է նաև ուղեանց ունենալ:
Ոլորտի պատասխանատուի համոզմամբ՝ այս ճանապարհը էապես կթեթևացնի Երևանի ամենախիտ խցանման էպիկենտրոններից մեկը:
Խորեն Գրիգորյան - Մենք մի կարևոր հարց ենք լուծում ՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, զանգվածներից եկող քաղաքացին նախընտրելու է կտրել 1.5 կմ ճանապարհը, քան բոլոր զանգվածները հատելով, Մյասնիկյանով գալ հասնել էդտեղ, ժամանակի ընթացքում մշակույթ է փոխելու:
Այս նախագծի շինարարական փուլը կսկսվի հունիսին, իսկ արդեն տարեվերջին քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Խորեն Գրիգորյանը վստահեցրեց՝ կառուցվող ճանապարհները խցանումների առիթ չեն դառնա, հիմնական աշխատանքները իրականացվելու են գիշերները: