ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
ՀՀ զինվորական դատախազին ուղեկցել են Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանը և ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետ Միսակ Սահակյանը:
Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորությունները, ինչպես նաև ձեռքբերումներն ու իրականացվող բարեփոխումները:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գրիգոր Էլիզբարյանը հանդիպել է նաև կուրսանտների հետ և զրույցի ընթացքում բարձր գնահատել սպայի մասնագիտությունը:
«2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ռազմական գործողություններն ու հետևանքները ևս մեկ անգամ ընդգծում են սպայի մասնագիտության կարևորությունը: Այդ ժամանակ առավել ակնհայտ դարձավ, որ զինվորական ստորաբաժանումների գործունեությունը շատ դեպքերում կախված է լինում սպայի անհատական գործողություններից: Ուստի ձեզնից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը խիստ կարևոր են: Դուք եք ընտրել այս մասնագիտությունը, ինքներդ եք որոշել դառնալ բանակի սպա, ուստի պատվով պետք է իրականացնեք ձեր առաքելությունը, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար ձեր առաջ դրված խնդիրները կարողանաք լիարժեք կատարել»,- շեշտել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Էլիզբարյանը և կուրսանտներին մաղթել բարի ծառայություն: