364 միլիոն դրամի գույք ու մոտ 451 միլիոն դրամ. նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքն ու եկամուտն է, որը, ըստ դատախազության, ենթակա է բռնագանձման:
Նելլի Տեր-Թորոսյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Գևորգ Կոստանյանից և նրան փոխկապակցված երեք անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա Երևանում գտնվող 1 բնակարան, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող 2 առանձնատներ:
Դատախազությունը Կոստանյանի, նրա նախկին կնոջ, եղբորորդու ու ընկերոջ վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել է 2020-ին՝ հիմք ընդունելով Կոստանյանի վերաբերյալ քննվող քրեական գործը: 2001-ից տարբեր պաշտոններ զբաղեցրած Կոստանյանին մեղադրանք առաջադրվեց 2019-ին՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ՝ որպես նախագահի օգնական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիքի համար:
Նելլի Տեր-Թորոսյան - Հատկանշական է, որ Գևորգ Կոստանյանի և նրան փոխկապակցված անձանց ուսումնասիրվող ժամանակահատվածում օրինական եկամուտների հանրագումարը կազմել է մոտավորապես 123 միլիոն դրամ, մինչդեռ կատարվել են շուրջ 632 միլիոն դրամի ծախսեր, ընդ որում՝ նշված ծախսերի մեջ ներառված չեն գույքային ձեռքբերումներին ուղղված ծասերը: Այսինքն՝ այս պատկերն արդեն իսկ ակնհայտ է դարձնում օրինական եկամուտ-ծախս հարաբերակցության անհամապատասխանությունը:
Դատախազի խոսքով՝ ենթադրյալ ապօրինի առաջին գույքը Կոստանյանը ձեռք է բերել անգամ առաջին պաշտոնը ստանձնելուց առաջ՝ 1996 թվականին: Դատախազության հայցի վերաբերյալ Կոստանյանը մինչև այժմ որևէ դիրքորոշում չի ներկայացրել:
Նելլի Տեր-Թորոսյան - Ինչ վերաբերում է փոխկապակցված անձանց, ապա նրանց կողմից դիրքորոշում ներկայացվել է, դիրքորոշման վերաբերյալ կազմող տվյալները վարույթի մինչդատական փուլում արժանահավատ չեն գնահատվել, դրանք արդեն քննարկման առարկա կդառնան գործի դատական փուլում:
Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ, ընկերոջ և եղբորորդու գույքի վրա կալանք է դրվել: Կոստանյանը մինչև այժմ փաստաբան չունի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան