Արդեն երրորդ անգամ Կառավարությունը մտադիր է ներմուծման ավելացված արժեքի հարկից ազատել գործարարներին: Առաջին փուլով արտոնությունը կիրառվեց սարքավորումների ներկրման համար, երկրորդ բարեփոխումով այդ ցանկը համալրվեց, ներառվեցին նաև ներկրվող հումքի որոշ տեսակներ:
Արմեն Եգանյան (ՀՀ ԷՆ արդյունաբերության քաղաքականության վարչության պետ) - Սա լրացուցիչ հեշտացնում, պարզեցնում և լրացուցիչ ծախսերի նվազեցում է նախատեսում ընկերությունների համար:
Էկոնոմիկայի նախարարությունը հիմա էլ Ազգային ժողով է ներկայացրել ևս մի նախագիծ, որով առաջարկվում է սահմանին ավելացված արժեքի հարկատեսակից ազատելու ցանկում մի շարք ապրանքների հետ ներառել ինկուբացիոն ձուն, տոհմային անասունների սերմանյութը, նաև տարեկանի, վարսակի և ցորենի սերմերը, փաթեթավորման նյութերը, բամբակյա մանվածքն ու սինթետիկ մանրաթելը: Գործարարների համար սա սպասված փոփոխություն է: Ըստ կենդանիների արհեստական բեղմնավորմամբ զբաղվող ընկերության ղեկավարի՝ նախագծի ընդունումից ավելի շատ շահելու են ֆերմերները, քանի որ արհեստական բեղմնավորման արժեքը ևս կնվազի:
Արման Օհանյան (արհեստական բեղմնավորմամբ զբաղվող ընկերության տնօրեն) - Անցած տարվա կտրվածքով մոտավորապես չորս խմբաքանակ ներմուծվել է արտերկրից տոհմանյութ: Չորս խմբաքանակի մոտավոր արժեքը կազմել է 40 միլիոն դրամ, որից ներկրման պահին մաքսազերծումից հետո մենք մուծել ենք 6 և ավելի միլիոն դրամ:
Գործարարները կշահեն՝ ունենալով հավելյալ շրջանառու միջոցներ: Հացահատիկային սերմեր ներկրող ընկերությունն էլ իր հաշվարկն ունի: Բացի այդ, ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկումից ազատումը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում, վստահ են հացահատիկային սերմեր ներմուծող ընկերությունում:
Վահագն Վարդանյան (սերմ ներմուծող ընկերության տնօրեն) - Վարսակի սերմը նախկին տարիներում վաճառվել ա 250-300 դրամի սահմաններում, արդեն ավելացված արժեքի հարկով, իսկ նոր օրենքը գործելու դեպքում վարսակի սերմի գինը կդառնա 220-270 դրամ: Քանի որ Կառավարությունն էլ սուբսիդավորման ծրագրերով օգնում ա սերմերի ձեռք բերմանը մոտ 50 տոկոսի չափով, 220-250 դրամը դառնում ա 130 կամ 150 դրամ:
Թռչնաբույծներին, օրինակ՝ ձեռնտու է ներկրել ոչ թե թռչուն, այլ ինկուբացիոն ձու: Այս ապրանքատեսակը ևս կազատվի ներմուծման ավելացված արժեքի հարկից: