Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Այս նպատակով Կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ ու լրացումներ է նախատեսվում կատարել ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 13-ին կայացած նիստում:
Փաթեթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ նշելով, որ երկրում առկա են շուրջ 24.000 տարատեսակ հուշարձաններ: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նկատել է, որ հավանաբար այդ 24.000-ի ցանկում կարող են ներառված լինել հուշարձաններ, որոնք այժմ գոյություն չունեն, քանդված են: Փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հաստատել է հնչած տեսակետը: Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ ոլորտը կանոնակարգող օրենքն անփոփոխ է մնացել դեռևս 1998 թ.: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել նաև ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Սիսակ Գաբրիելյանը: Նախագծի մշակումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորում և հստակեցումներ կատարելու անհրաժեշտությամբ: