Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, և այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որևէ մարզիկ չորակազրկվի, և Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով: Նման փոփոխություններ նախաձեռնելու պահանջով Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին դիմել էր նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին և համարժեք են ուսանողական խաղերին: Նշվել է, որ բանակային խաղերին երբեմն մասնակցում է մոտ 200 երկիր: «Սա դարձել է շատ կարևոր միջոցառում, և ժամանակն է, որ մենք այդ խաղերին վերաբերվենք հավուր պատշաճի և մարզիկներին խրախուսենք այդ խաղերի համար»,- ընդգծել է փոխնախարարը:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև լիազորող նորմ, ինչպես նաև ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
Այս նախագիծը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: