ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի և Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Յաել Բրոն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն է, ով այցելում է Հայաստան, և այցը կարելի է պատմական համարել:
«Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն: Մեր հարաբերությունները բարեկամական ու ջերմ են, Ֆրանսիան մեր երկրի ու մեր քաղաքացիների համար հարազատ երկիր է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերն Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության ու ագրեսիվ գործողությունների դեմ ժողովրդավարական Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության ու աջակցության հարցում:
Խոսելով հետպատերազմյան Արցախից և Լաչինի ճգնաժամից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել այդ խնդիրների լուծման հարցում մեր երկրին աջակցելու համար: Նա հիշատակել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 44-օրյա պատերազմից հետո ընդունված բանաձևերը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունումը: Կողմերը մանրամասն քննարկել են այս պահին Արցախում տիրող իրավիճակը՝ անընդունելի համարելով ադրբեջանական կողմից 120.000 հայերի իրավունքների ոտնահարումը:
Մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման գործում երկու երկրների խորհրդարանների միջև ծավալված սերտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերի նշանակալի ավանդը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը միշտ կարող է Ֆրանսիան դիտարկել որպես հուսալի բարեկամի:
«Մենք հայ ժողովրդի կողքին ենք երեկ, այսօր և միշտ»,- նշել է նա՝ հավելելով, որ երկու երկրների Ազգային ժողովների միջև համագործակցության վերաբերյալ այսօր ստորագրվելիք Համաձայնագիրն ինստիտուցիոնալ բնույթ կհաղորդի և էլ ավելի կխորացնի արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական և գործնական հարաբերությունները բոլոր մակարդակներով:
Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների նախագահները ստորագրել են հետագա համագործակցությունն ընդլայնող համաձայնագիր, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը: ԱԺ նախագահները հանդիպումը եզրափակել են խորհրդանշական ծառատունկով: