ԼՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄՆ ԱՎԵՐԻՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԻ. ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐ
Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքներից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը: ԱՄՆ սենատորները նշում են. «Չնայած պնդումներին, թե շրջափակումն իրականացնում են «էկոակտիվիստներ», իրական պատասխանատվությունը կրում է Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտավորությունների կատարումը»:
Սենատորները պետքարտուղարին են ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է: «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի շրջափակման մեջ գտնվող բնակչության համար մարդասիրական և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ մատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու ուղղությամբ, և պետք է աշխատենք Եվրոպայի մեր գործընկերների հետ, որոնք նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների առնչությամբ, որպեսզի ճնշենք Ալիևի ռեժիմին, որպեսզի շրջափակումը դադարեցվի»,- նշում են ԱՄՆ սենատորները:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՉԻ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ. HRW
Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը 2022 թ. չի բարելավվել` ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2022 թ. զեկույցում:
Նշում է, որ թեպետ 2022 թ. մայիսին Ադրբեջանի իշխանությունները ազատ են արձակել ավելի քան 20 քաղբանտարկյալի, առնվազն 30-ը դեռ բանտարկված են, իսկ իշխանությունները շարունակում են հետապնդել իրենց քննադատներին և այլախոհներին: Միևնույն ժամանակ, օրենսդրական խոչընդոտներ են ստեղծվել հասարակական կազմակերպությունների անկախ գործունեության համար: Իլհամ Ալիևը ստորագրել է ԶԼՄ-ների մասին նոր օրենքը, որը սահմանափակում է լրատվամիջոցների անկախությունը։
Կազմակերպությունն անդրադարձել է նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: «Հայկական և ադրբեջանական զորքերի միջև ռազմական գործողությունները բռնկվեցին 2022 թ. սեպտեմբերի կեսերին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան: Human Rights Watch-ի կողմից նույնականացված տեսագրությունում արձանագրված է առնվազն յոթ հայ զինվորի արտադատական մահապատիժը՝ ըստ երևույթին ադրբեջանական ուժերի կողմից»,- ասված է զեկույցում:
Human Rights Watch-ը գրում է նաև, որ պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը վտանգի տակ են դնում Արցախի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող քաղաքացիական անձանց անվտանգությունը։
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է. THE ECONOMIST
The Economist-ը նույնպես անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին: Պարբերականը գրում է, որ Լեռնային Ղարաբաղը հայտնվել է շրջափակման մեջ, քանի որ մի խումբ ցուցարարներ Ադրբեջանի կառավարության աջակցությամբ ակցիաներ են անցկացնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին: Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանը փորձում է օգտվել միջազգային բարենպաստ իրավիճակից:
«Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին Բաքվի վրա միջազգային ճնշումն ուժեղացել է, սակայն Իլհամ Ալիևն անդրդվելի է։ Իսկ ադրբեջանական հասարակությունն աջակցում է «էկոակտիվիստներին»: Նրանց գործողությունները նաև դիտարկվում են որպես ռուսական խաղաղապահ առաքելության խաթարում»,- ասված է հոդվածում:
ԱՐՑԱԽԻ 120.000 ԲՆԱԿԻՉ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է. WVA
Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակիչ, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի ավելի քան մեկ ամիս է՝ նշված է World Vision Armenia կազմակերպության հայտարարությունում:
«Դրությունը մարդասիրական աղետ լինելուց բացի, ուղղակիորեն առնչվում է Արցախում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Խախտվում են նրանց ազատ տեղաշարժի, սոցիալական պաշտպանության, այդ թվում՝ կրթության և առողջապահության իրավունքները, վտանգվում՝ կյանքի, ազատության և անվտանգային իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից տուժած երեխաների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու ուղղությամբ։