Թուրքիան հինգշաբթի՝ հունվարի 12-ին, Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել է արտգործնախարարություն՝ Ստոկհոլմում կազմակերպված հակաթուրքական ցույցի պատճառով, որն ուղղված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ Ակցիայի ժամանակ վիրավորական հայտարարություններ են հնչել Էրդողանի հասցեին, նրա խամաճիկը կախել են ոտքերից, հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի նախագահի փաստաբանն էլ հայտնել է, որ Անկարան քրեական գործ կհարուցի Շվեդիայի նկատմամբ: Նրա հաղորդագրության մեջ ասվում է, որ Անկարայի դատախազություն են ուղարկել դիմում՝ պահանջելով քրեական գործ հարուցել այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են Ստոկհոլմում ելույթների կազմակերպմանը։ Նշվում է, որ մասնակիցներն աջակցել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել։
Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն էլ հայտնել է, որ ակցիայի պատճառով Թուրքիայի խորհրդարանի նախագահը չեղարկել է իր շվեդ գործընկեր Անդրեաս Նորլենի այցը Անկարա։
Ավելի վաղ Շվեդիայի իշխանությունները հայտնել էին ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր պայմանների կատարման մասին: Երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմը նաև ընդգծել էր, որ միայն շվեդական դատարանները կարող են լուծել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված մարդկանց արտահանձնման հարցը:
Մինչդեռ Անկարան պահանջում է, որ Շվեդիան ավելի հստակ դիրքորոշում ընդունի ահաբեկիչների, հիմնականում քուրդ զինյալների և այն կազմակերպության դեմ, որոնց մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի համար:
Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել 2022 թվականին, որի նպատակն է հաղթահարել ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության վերաբերյալ Անկարայի առարկությունները։