Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը Իսրայելի իշխանությունների գործողություններից Կիևի դժգոհության մասին լուրերի ֆոնին ասել է, որ երկու երկրի արտգործնախարարներ Դմիտրո Կուլեբայի և Էլի Քոհենի հեռախոսազրույցը հետաձգվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։
Հունվարի 3-ին տեղի էր ունեցել Ռուսաստանի և Իսրայելի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլի Քոհենի հեռախոսազրույցը։ Ըստ Times of Israel-ի՝ Կիևը ցանկանում էր, որ Քոհենը նախ զանգահարեր Կուլեբային: Հրատարակության տվյալներով՝ Կուլեբան այդ պատճառով կարող է մոտ ապագայում հրաժարվել իսրայելցի գործընկերոջ հետ խոսելուց։
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել էր, որ երկրի նոր կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ ավելի քիչ բացահայտ կխոսի Ուկրաինայի մասին: Դրանից հետո Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Նեթանյահուն կարող է արդյունավետ միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Նա հավելել է, որ այս իրավիճակում գլխավորն այն է, որ Իսրայելը «ճիշտ կողմն ընտրի»։