Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողները Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեին հարց ուղղեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը համարում է, թե ԼՂ հարցը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գոյությունը:
«Այսօր կարևոր է վերադառնալ երկխոսության կողմերի միջև: Մինսկի խումբը երկխոսությունների գոյություն ունեցող հարթակներից մեկն է, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է: Հայաստանի դերն է նաև մեզ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալ երկխոսության»,- ասաց նա:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց.
«Այսօր ստեղծվել են 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել այդ ֆորմատը: Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից Միացյալ Նահանգները և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության, Ռուսաստանի կողմից նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերը:
Եկեք ֆիքսենք, որ այսօր ունենք Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ինչպես նաև Մոսկվայի նախաձեռնությամբ 1-2 ֆորմատներ, որոնք զբաղվում են նույն խնդրով ու պակաս կարևոր չեն: Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ պետք է նաև որևէ ձևով չնվազեցնենք բոլոր այն ֆորմատները, որ գոյություն ունեն»: