Վայրկյանում 320 լիտր ջրթողունակությամբ նոր վաքերը փոխարինում են հին ու մաշված ջրատար առուներին:
Վարդան Հովհաննիսյան (աշխղեկ) - Կառուցում ենք ոռոգման ջրագիծ Սուրենավանում, որտեղից ջուրը մղվում ա ներքևի լճերից խողովակներով դեպի վերև ու բաշխվում ա վաքերի միջոցով հողամասերին:
Եղանակը բարենպաստ է, աշխատանքների տեմպից դժգոհ չեն, կհասցնեն ջրատարները կառուցել մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը:
Վարդան Հովհաննիսյան - Գծի ձախակողմյան երկարությունը 3241 մ է, դրա մեծ մասը նոր վաքերով է փոխարինված, վթարայինները հեռացված են, նոր գծեր են արված:
Աջակողմյան հատվածի 1500 գծամետրի կառուցման 80 տոկոսն արված է, մնում է բետոնացումը: Համայնքում մոտ 380 մլն դրամի աշխատանք է կատարվում: Ոռոգման ցանցի բարելավման ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
Աշոտ Խաչատրյան (ՀՏԶՀ տնօրենի տեղակալ) - Եվրասիական վերակառուցման բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որը ֆինանսավորում են բանկն ու ՀՀ Կառավարությունը, ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն դոլար է:
Արդեն 35 մլն դոլարի ներդրում իրականացվել է: Ծրագիրը քառաբաղադրիչ է. առաջինը մեխանիկական համակարգի փոխարինումն է ինքնահոսով, երկրորդ բաղադրիչը մայր և երկրորդական ջրանցքների վերանորոգումն է, երրորդը՝ ներտնտեսային ցանցի վերանորոգումը, չորրորդը՝ ՋՕԸ-երի ինստիտուցիոնալ զարգացումը:
Աշոտ Խաչատրյան - Առաջին փուլն արդեն ավարտվել է, բացառությամբ մեկ ներտնտեսային համակարգի, որի ավարտը նախատեսվում է մինչև ոռոգման սեզոնի սկիզբը՝ ապրիլի 1-ը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում: Ներտնտեսային ցանց կառուցվում է 105 համայնքում, 104-ում արդեն աշխատանքներն ավարտվել են: Ոռոգման համակարգում ներդրումները կազմել են շուրջ 7.7 մլրդ դրամ: Ծրագրի շահառուների թիվը 170 հազար է:
Աշոտ Խաչատրյան - Նախատեսված է եղել իրականացնել 260.9 կմ ներտնտեսային ցանցի վերանորոգում, արդեն իսկ 260.6 կմ-ն վերանորոգված է, այսինքն՝ միայն մեկ համայնքում է կիսատ:
Իրականացվող աշխատանքների շնորհիվ Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոնով: Ակնկալում են, որ 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք: Ծրագիրը կավարտվի 2024-ի վերջին: