Խանութում վաճառվող մսամթերքը թա՞րմ է. գնորդին հետաքրքրող հարցը գրեթե միշտ նույն պատասխանն է ունենում: Որպեսզի թարմ միս ու ձուկ գնենք, գիտաշխատողները սննդի անվտանգությանն ուղղված հետազոտություն են իրականացնում:
Վարդան Գասպարյան (Կենսաքիմիայի ինստիտուտի բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ) - Նեխման կամ փչացման պրոցեսները սկսվում են նրանից, որ միկրոբների շնորհիվ առաջանում է հիստամին կոչվող միացությունը: Եթե կարողանում եք հիստամինը չափել, միանգամից կարողանում եք ասել՝ սնունդը թա՞րմ է, հի՞ն է:
Հիստամինը չափելու ամենահեշտ եղանակը հիստամինազ ֆերմենտն է, որն այս լաբորատորիայում անջատել են լոբու ծիլերից ու երիկամներից: Արդյունավետությամբ աչքի է ընկել հատկապես լոբու ծիլերից անջատվածը: Ֆերմենտով կարողանում են հայտնաբերել հիստամին, եթե այն մսամթերքում ու ձկնամթերքում կա, ուրեմն հին է ու մարդու օրգանիզմում տոքսիկ ազդեցություն կարող է ունենալ:
Վարդուհի Հովհաննիսյան (Կենսաքիմիայի ինստիտուտի բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող) - Թարմ մթերքը հիստամին չպետք է պարունակի, տարբեր օրերի փչացնում ենք սենյակային ջերմաստիճանում, մյուսը 10 օր ա մնում, ըստ դրա՝ հիստամինի քանակը շատանում ա:
Որպեսզի մսամթերքի ու ձկնամթերքի թարմությունն անզեն աչքով տեսանելի լինի, գիտաշխատողները հետազոտության երկրորդ փուլում որոշել են խելացի փաթեթավորում մշակել:
Վարդան Գասպարյան - Կարող ես սարքել խելոք ուպակովկա, իրա վրա հիստամինազ լինի, եթե առաջանում ա ամոնիակ, ինդիկատորի թուղթը գույնը կփոխի: Ուպակովկային նայելով՝ կարող ես ասել, եթե կապտել ա, ուրեմն հին ա, վերջնական նպատակը տենց բան սարքելն ա:
Հետազոտական աշխատանքներում կենսաբաններ ու քիմիկոսներ են ընդգրկված: Ուսումնասիրությունը բազային ֆինանսավորմամբ են իրականացնում: Ֆերմենտն արդեն ստացել են, հիմա փաթեթավորման ձևն են քննարկում: Եթե պրակտիկայում որոշվի կիրառել, մարդիկ միայն թարմ մսամթերքով կսնվեն: