Համաձայնագրով նախատեսվում է Կատարի Պետության կառավարության հետ առողջապահության բնագավառում փոխշահավետ համագործակցություն, ինչն էլ կխթանի Հայաստանում ոլորտի զարգացումը, ինչպես նաև գիտակրթական ներուժի և առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացումը:
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել է հունվարի 12-ին կայացած Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2022 թ. հունիսի 13-ին:
«Համաձայնագրի ստորագրումից հետո մենք շարունակել ենք աշխատանքները Կատարի Պետության առողջապահության նախարարության գործընկերների հետ և ներկայումս մշակում ենք գործնական ծրագիր, որն առավել մանրամասն կանդրադառնա փաստաթղթում մատնանշված համագործակցության ուղղություններին»,- ընդգծել է փոխնախարարը:
Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: