Մոտ 115 մլն դրամ կհատկացվի Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած 506 արցախցիների կեցությունը և սնունդը ապահովելու նպատակով: Գործադիրի հաստատեց օրակարգում ներառված չզեկուցվող այս նախագիծը: Արցախցիները հյուրընկալվել են Երևանի և Գորիսի 17 հյուրանոցում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար։
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ
Մեկ այլ որոշմամբ՝ կամավոր ատեստավորմամբ հավելավճար կարող են ստանալ արտադպրոցական հաստատությունների՝ արվեստի, մարզադպրոցի ուսուցիչներն ու մարզիչները: Գործադիրը հավանություն տվեց կրթության մասին օրենքի փոփոխությունների նախագծին: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոցում, կենտրոնում սովորում է մոտ 50 հազար երեխա, 174 սպորտային դպրոցում մարզվում՝ ավելի քան 42 հազար երեխա։ Այդ կենտրոններում դասավանդում է մոտ 7 200 ուսուցիչ: Արտադպրոցական հաստությունների մեծ մասը համայնքային ենթակայության են, որով պայմանավորված՝ տարբերվում է վարձատրությունը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանանք ավելի համահարթ մոտեցման տանել վարձատրության այս տարբերությունները: Հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով:
Անդրեասյանը մանրամասնեց՝ առաջին փուլով կարող են դիմել դաշնամուրի, սոլֆեջիոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի սամբոյի, ձյուդոյի մարզիչները: Դիմումների ընդունումը նախատեսվում է մարտին, ատեստավորման գործընթացը՝ ապրիլին: Հաջող արդյունքի դեպքում՝ մայիսից նրանք կստանան հավելավճարները, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար,- նշեց նախարարը: Վարչապետը հիշեցրեց՝ խնդիր էր դրվել կրկնապատկել ոլորտի ուսուցիչների աշխատավարձը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Չլինի, որ Երևանում ավելի լավ կրթություն են ստանում, կենտրոնում ավելի լավ, հեռու՝ ավելի վատ, ինչքան հեռանում է, վատանում է: Ֆիքսված դրույքաչափ կսահմանենք, օրինակ՝ 100 հազար դրամ, ատեստավորման արդյունքում 60 տոկոս արդյունքի դեպքում 60 հազար կլինի, 80-ի դեպքում 80 հազար, 100-ի դեպքում՝ 100 000, որ մասնագիտական որակների զարգացման մոտիվացիոն համակարգը ներդրվի:
Քննարկվում է նաև տարվա մեջ երկրորդ անգամ ատեսավորումը կազմակերպելու հնարավորությունը,- նշեց նախարարը՝ ի պատասխան՝ այլ առարկաների մասնագետներին ևս գործընթացում ներգրավելու մասին վարչապետի հարցի: Նախակրթարանների աշխատակիցները ևս ապրիլից կարող են դիմել՝ վարձատրության բարձրացման, հավելավճարի համար. այստեղ կփորձեն գնալ ոչ թե թեստավորման, այլ դաստիարակների մասնագիտական որոշ բնութագրիչներ հաշվի առնելու ճանապարհով:
Ժաննա Անդրեասյան - Շրջանառվում են կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ, որոշ մեխանիզմներ լավարկվում են: Մարդիկ, որ ունեն ցանկություն աշխատել դպրոցում, կկարողանան մասնակցել, ատեստավորման արդյունքով մուտք գործելուն պես ստանալ բարձր աշխատավարձ:
Վարչապետն առաջարկեց ներդնել չափանիշ, ըստ որի դպրոց աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տրվի ատեստավորված հավակնորդին: Նիկոլ Փաշինյանը խնդիր դրեց տեսանելի տեմպով շարունակել 300 դպրոց, 500 մանկապարտեզի ծրագիրը: Պատասխանատուներին հանձնարարեց նաև սկսել արվեստների և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու աշխատանքը:
Նիկոլ Փաշինյան - Խնդիր եմ առաջադրում ԿԳՄՍ նախարարին այդ երկու տարբեր ավագ դպրոցների կրթական հատուկ ծրագրերը նախապատրաստելու առումով: Սպայական ավագ դպրոցի դեպքում պետք է շատ սերտ գործակցություն լինի ՊՆ, ԱԱԾ, ՆԳՆ հետ: Պետք է առանձնահատուկ կրթական ծրագրեր ներդնենք այս երկու դպրոցներում: Նաև Քաղաքաշինության կոմիտեին եմ խնդիր առաջադրում՝ սկսել նախագծման աշխատանքը, որոնք սերտ կապի մեջ կլինեն բովանդակության հետ: Աշխատակազմի ղեկավարին՝ տեղորոշել՝ որտեղ են լինելու, բացառում եմ որևէ հին շենքում տեղակայումը, լրիվ զրոյից:
ԿԲԱՐԵԼԱՎՎԵՆ ԲԻԶՆԵՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կբարելավվի բիզնես ծավալելու պայմաններն ու ներդրումային միջավայրը: Գարեջրի, գինու, խնձորի, հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող խմիչքների, 100 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման համար վերացվում է ծանուցման պահանջը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար ) - Նախագիծը վերաբերում է նաև որոշակի գործունեության տեսակների համար նաև պետական տուրքի էապես նվազեցմանը: Դրանք են՝ վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմեր: Այդ ընկերությունները պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք այդ տիպի արտադրանք արտադրելու համար, հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն դրամ:
ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագրի ստորագրմանը: Հարևան պետությունների քաղաքացիները կարող են ճամփորդել առանց անձնագրի՝ նույնականացման քարտով:
Նիկոլ Փաշինյան - Հույս ունենք, որ նոր սերնդի նույնականացման քարտերի թողարկմանն ուղղված մեր գործողությունները կլինեն հնարավորինս արդյունավետ: Այդ ժամանակակից միջոցը միայն այդ պլաստիկը չէ, այլ ավելի կարևոր է նրանում առկա բովանդակությունը, պարունակությունը, և իմիջայլոց, նույնքան կարևոր է այդ բովանդակության հետագա սպասարկումը և թարմացումները:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Ուզում ենք ունենալ մի կրիչ, որը թե՛ թվային ենթակառուցվածքի իմաստով, թե՛ տվյալների իմաստով պարունակի ամբողջ այն տեղեկատվությունը, որը մարդուն անհրաժեշտ է լինելու որևէ պարագայում ու որևէ դեպքում: Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել նույնականացման քարտեր, որոնք կպարունակեն շատ ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է:
Գրիգորյանի խոսքով՝ առաջիկայում մրցույթն ամփոփելուց հետո 6 ամսվա ընթացքում կսկսվի ծրագրի իրականացումը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԵՏՎՃԱՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Օրակարգային հարցերից բացի վարչապետն անդրադարձավ կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգին: Նշեց՝ բարեհաջող զարգանում է: Հուլիսից մինչ օրս վերադարձվել է 800 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյան - Հիմա 67 հազար քաղաքացիների համար համարյա կրկնապատիկ չէ, համարյա տարեկան գնաճին կրկնապատիկ է: 67 հազարի: Մյուսների համար այս մեխանիզմով թոշակը 2022-ին ավելացրել ենք 6400 դրամ: Սա մեխանիզմ է, որի արդյունավետությունը տեսնում ենք:
Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստները, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով: Վարչապետը հանձնարարեց շարունակել կանխիկ դրամի շրջանառության կրճատման քաղաքականությունը. պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի:
Նիկոլ Փաշինյան - Մասնավորապես, քաղաքացիների սպասարկման կետերում՝ կլինի պետհամարանիշեր, վարորդական վկայականներ, անձնագրային ծառայություններ, բացառել կանխիկի շրջանառությունը։ Վճարումները պետք է արվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Ըստ վարչապետի՝ դա կնպաստի թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը:
Վարչապետը հանձնարարեց սկսել արվեստների և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու աշխատանքը: