2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաև վնասվել է դարպասը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննվել է դեպքի վայրը, և արձանագրվել են վնասվածքները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն քաղաքի 58-ամյա բնակիչ է: Վերջինս անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում առգրավվել են հիշյալ տղամարդու հագին եղած հագուստները, ստացվել են արգասիքի նմուշներ, որպես վկա՝ դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել է վերջինիս կինը:
Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությանը:
Նշանակվել է դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական, հետքաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, ստացված նմուշներով և առգրավված հագուստներով նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները և վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։