Նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է 2017-2020 թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 12-ի նիստում ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունը:
Զեկուցողի խոսքով՝ կենտրոնը գործում է 2020 թ. հունիսից, ներկայումս իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային և համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաև ռադիոիզոտոպի արտադրություն: Հաշվի առնելով, որ կենտրոնը նման հետազոտություններ իրականացնող միակ կազմակերպությունն է, նաև ունի 4 կառավարական վարկեր, հետագա զարգացման նպատակով առաջարկվում է այն հանել մասնավորեցման ցանկից և հետագայում միավորել «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ:
Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Պատգամավոր Արսեն Թորոսյանը կենտրոնը մասնավորեցման օբյեկտների ցանկից հանելու որոշումը համարել է ճիշտ, անգամ՝ ուշացած:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ևս կարևորել է նախաձեռնությունը` ընդգծելով, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը եզակի ծառայություններ մատուցող կազմակերպություն է:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: