Արդեն երկու տարի պետպատվերի շրջանակում տարեցտարի բարձրանում է անասնաբուժական ծառայությունների վճարը: Ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում անասնաբույժների ծառայությունների գումարը երրորդ անգամ է ավելանում։
Գառնիկ Հովհաննիսյան («Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն) - Երեք տարի առաջ 70 դրամ էր մեկ գլխի պատվաստման կամ արյունառման վարձատրվող գումարը, այժմ դա դարձել է 200 դրամ:
Բացի համայնքներից ստացվող աշխատավարձից՝ անասնաբույժները կվճարվեն նաև կենդանիների պատվաստման ու արյունառման համար: Առավել ևս խոշորացված և, հետևաբար, մեծ անասնագլխաքանակ ունեցող համայնքներում անասնաբույժի աշխատավարձը ավելի բարձր կլինի,- հաշվարկել են գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում:
Գառնիկ Հովհաննիսյան - Շատերը աշխատում են նաև համայնքներում, ունեն ֆիքսված աշխատավարձեր՝ մինչև 180 հազար դրամ: Մեկ գլխի պատվաստման և ախտորոշման+օրվա ընթացքում կարող են մոտ 10 հազար դրամի միջոցառում իրականացնել՝ ժամանակային առումով շատ քիչ ժամանակ ծախսելով:
Վեց հարյուր անասնաբույժ ու պատվաստող անցած տարի պետպատվերով մոտ 5 միլիոն 293 հազար պատվաստում և կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառում է իրականացրել: Մոտավորապես նույնքան էլ այս տարի է նախատեսված: Պետպատվերի շրջանակում կենդանիների յոթ հիվանդության դեմ պարտադիր հակահամաճարակային միջոցառումների համար այս տարի պետությունը կհատկացնի մեկ միլիարդ վաթսունմեկ միլիոն դրամ: Տերմոպայուսակներ, նոր սառնարաններ, ավտոմատ սրսկիչներ. անասնաբույժներն անհրաժեշտ պարագաների կարիք այլևս չունեն:
Գառնիկ Հովհաննիսյան - Փորձում ենք նույնիսկ ապահովագրական համակարգ ստեղծել անասնաբույժների համար:
Քիչ չեն դեպքերը, երբ անասնաբույժները կենդանու հետ շփման ժամանակ տարբեր վնասվածքներ են ստանում: Նոր պայմաններով ապահովագրական համակարգի նախագիծն այժմ քննարկվում է Ազգային ժողովում: