Ռուսաստանին անհանգստացնում են վերջին շաբաթներին Բաքվի և Երևանի հարաբերություններում նկատվող բացասական միտումները՝ խիստ հռետորաբանության ակտիվացումը, մեղադրանքների փոխանակումը, ինչն ուղեկցվում է տարածաշրջանում լարվածության աճով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին՝ բարի կամք դրսևորել և համատեղ փոխզիջումներ փնտրել: Մեր առաջարկն ուժի մեջ է։ Պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՏՆԵԼ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ. ԶԱԽԱՐՈՎԱ
Զախարավայի խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունների։
Մարիա Զախարովա - Ռուսաստանի ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և խաղաղապահ զորակազմի հրամանատարության գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում լարվածության թուլացման ուղղությամբ։ Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Ներկայումս միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուներ:
Նա անընդունելի է որակել ռուս խաղաղապահների դեմ հրապարակային հարձակումները և սադրանքները՝ նշելով, որ դրանք կարող են էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին:
ԶԱԽԱՐՈՎԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Զախարովան հրաժարվել է մեկնաբանել նախօրեին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի այն հայերը, որոնք չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, կարող են դուրս գալ Լաչինի միջանցքով: «Ռուսաստանը բոլոր հարցերը դիտարկում է մեկ ամբողջության մեջ: Տարբեր հարցերի առանձին մեկնաբանություններ տալը անօգուտ է և կհանգեցնի հավելյալ բարդությունների»,- Ալիևի խոսքերի վերաբերյալ նշել է Զախարովան:
Դեկտեմբերի վերջին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի արգելափակման թեմայի քննարկումից հետո ֆրանսիական կողմը նախաձեռնել էր մամուլի համար հայտարարության նախագիծ, որը այդպես էլ չհաջողվեց ընդունել կոնսենսուսի բացակայության պատճառով: Զախարովայի խոսքով՝ նախագծում ռուսական կողմի առաջարկած ձևակերպումները տեղ չեն գտել:
Մարիա Զախարովա - Չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը՝ հայտարարության նախագծի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։ Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր արձագանգրել, մասնավորապես, հիշատակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք հայ-ադրբեջանական կարգավորման հիմքն են:
ՀՀ-Ն ԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ԶՈՒ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ. ԶԱԽԱՐՈՎԱ
Զախարովան անդրադարձել է Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմի որոշմանը:
Մարիա Զախարովա - Ակնհայտ է, որ այս հարցում Հայաստանը շարունակում է գործել՝ ելնելով այն առաջնահերթ խնդիրներից, որոնք դրված են իր Զինված ուժերի առջև՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը։ Կցանկանայի հիշեցնել, որ նախորդ տարի ևս ՀՀ պաշտպանության նախարարությունը զորակազմ չի տրամադրել Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների համար: Դա որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով վերաձևակերպել ռազմական գերատեսչությունների գծով արդեն համաձայնեցված ծրագրերը։
Ամփոփելով Զախարովան նշել է, որ ռուս և հայ ժողովուրդներին կապում են բարեկամության ամուր կապերը և Մոսկվան տրամադրված է այսուհետ ևս ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում: