Կառավարությունը հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծով իրագործվում է Կառավարության հնչեցրած այն քաղաքականությունը, որով նաև արտադպրոցական կրթության ոլորտում կարիք կա անելու էական փոփոխություններ և, մասնավորապես, ներդնելու ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ:
«Արտադպրոցական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային ժաանակահատվածում, և մենք այս պահին հանրապետությունում ունենք երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը տեղակայված են Երևանում, 190-ը՝ մարզերում: Այդ կենտրոններում և դպրոցներում սովորում է շուրջ 50 հազար երեխա, բացի դրանից՝ ունենք 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ մարզվել են 42 հազար և մի փոքր ավելի երեխաներ: Այս հաստատություններում ուսուցումն իրականացվում է նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները:
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կազմակերպություններում իրենց աշխատանքն իրականացնում են 2100-ից մի փոքր ավելի մարզիչ-մանկավարժներ: Ոլորտում, ըստ էության, կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն քաղաքականությունը մասնագիտական զարգացման ծրագրերի ֆինանսավորման և այլ տեսանկյուններից»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արտադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային են, և այնտեղ վարձատրությունը խիստ տարբերվում է համայնքից համայնք, ուստի նախատեսվում է պետական քաղաքականության միջոցով ավելի համահարթ մոտեցման տանել վարձատրության տարբերությունները: Պլանավորվում է՝ հավելավճարները լինեն ֆիքսված գումարների միջոցով:
Նախարարը հայտնեց, որ օրենքի փոփոխությանը զուգահեռ՝ կիրականացվեն ատեստավորման կարգի և թեստավորման առաջադրանքների մշակման աշխատանքները:
«Հաշվի առնելով, որ գործընթացն իրականացվելու է առաջին անգամ, նախատեսում ենք, որ առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան արվեստի և մարզաձևերի կոնկրետ ուղղությունների ներկայացուցիչները: Այս փոփոխությունների իրականացմամբ մարտին արդեն մանկավարժները և մարզիչները հնարավորություն կունենան դիմելու, ապրիլին կանցկացվի բուն ատեստավորումը, մայիսից սկսած հաջող արդյունք ցուցաբերած մասնակիցները կսկսեն ստանալ հավելավճարները, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիրն այն է, որ պետք է հանրապետությունում և՛ մասնագիտական, և՛ բովանդակային առումով կրթության հասանելիությունը դարձնել համահարթ:
«Հիմա մենք ոլորտի ամենաշատ մասնագետներ ունեցող ուղղություններն ենք ընտրում, հաջորդ փուլերում արդեն մյուս մասնագետներին էլ այդ հնարավորությունը կտանք»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ բոլոր տեսակի մարտահրավերներին կառավարության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ. «Սրվող մարտահրավերների ֆոնին մենք առավել մեծ ուշադրություն պետք է դարձնենք կրթության, գիտության, մշակույթի ոլորտներին, որովհետև բոլոր մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները, եզրակացությունները բերում ենք նրան, որ այս ոլորտում մեր ռազմավարական ներդրումներն են, որ ինչ-որ մի կետի բերելու են գլոբալ առումով այն խնդիրների լուծմանը որևէ բանաձևով, որը մենք այսօր ունենք»:
Այդ համատեքստում վարչապետը հանձնարարել է աշխատանքներ սկսել Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։
«Ուզում եմ խնդիր դնել, որ հենց այս պահից սկսենք աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։ Այս առումով խնդիր եմ առաջադրում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին այդ երկու տարբեր ավագ դպրոցների կրթական հատուկ ծրագրերը նախապատրաստելու առումով։ Իհարկե, սպայական ավագ դպրոցի պարագայում պետք է շատ սերտ գործակցություն լինի Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և այն կառույցների հետ, որոնք իրենց ծառայության մեջ ունեն սպայական ծառայության բաղադրիչը։ Պետք է առանձնահատուկ կրթական ծրագրեր ներդնենք այս երկու ավագ դպրոցներում։ Նախորդ փուլերում ինչ-որ աշխատանքներ այս ուղղությամբ արվել են, պետք է ուղղակի ամփոփվեն։ Եվ նաև Քաղաքաշինության կոմիտեին եմ խնդիր առաջադրում՝ սկսել նախագծման աշխատանքները, որոնք շատ սերտ կապի մեջ կլինեն բովանդակայնության հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին խնդիր եմ առաջադրում, որ տեղորոշենք, թե որտեղ են ստեղծվելու այդ դպրոցները։ Երբ ասում եմ դպրոց ստեղծել, նկատի ունեմ ստեղծել զրոյից, այսինքն` բացառում եմ որևէ գոյություն ունեցող շենքերում այդ ուսումնական հաստատությունների տեղակայումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է նաև, որ ավագ դպրոցները պետք է արդիական կրթական ծրագրեր, արդիական նորակառույց ենթակառուցվածք ունենան և հագեցած լինեն ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով։