Առողջապահության նախարարի հրամանով՝ երեխայի ծնվելուց հետո հիվանդության պատմագրի մեջ, արական, իգական սեռից բացի, կնշվի նաև 3-րդ տեսակը՝ չճշտված սեռ: Առողջապահության հանձնաժողովի հերթական նիստին այս առնչությամբ իր մտահոգությունները հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Արմենուհի Կյուրեղյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ուզում ենք ներկայացնենք՝ ի՞նչ եք ենթադրում չճշտված եզրույթի տակ, կա՞ն ուսումնասիրություններ, թե որքան է Հայաստանում այդ ճշտված տարբերակով հիվանդների թիվը:
Հարցն ուղղված էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին, սակայն նախ պատասխանեց հանձնաժողովի նախագահը: Նարեկ Զեյնալյանը նկատեց՝ այս որոշումը հանրային դաշտում մանիպուլացվում է, թեպետ խնդիրը շատ պարզ է: Զեյնալյանը պարզաբանեց, թե ինչի համար է նման տարանջատումը:
Նարեկ Զեյնալյան (ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Նկատել եք, որ կողքը գրված է (երկխոսություն). «Լինում են դեպքեր, երբ ծննդյան պահին սեռը հնարավոր չի լինում ճշտել, միայն գենետիկ անալիզի արդյունքում է, որ որոշվում է քրոմոսոմների համադրությունը և որոշվում սեռը»:
Զեյնալյանը նկատեց, որ մինչև այս հրամանն էլ տարբերակումը եղել է, սակայն բժիշկը գրիչով է ավելացրել, իսկ հիմա այն որոշակի կարգավորում է ստացել: Ըստ վիճակագրության՝ աշխարհում 10 հազարից մեկ դեպք է լինում, երբ հնարավոր չի լինում ծննդյան պահին ճշտել երեխայի սեռը՝ հավելեց Զեյնալյանը:
Հարցին արձագանքեց նաև առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մաքրելով 2009-ին հաստատված՝ ծննդի մասին բժշկական վկայականում, որը վերահաստատվել է 2017-ին, կրկին նշված է, որ կա չորոշված սեռի տարբերակ: Երբ սովորում էինք բժշկական համալսարանում, մեզ բացատրում էին, որ կան գենետիկական անոմալիաներ, որ ծննդյան պահին հնարավոր չէ երեխայի սեռը որոշել, որ կա կեղծ արական, իգական սեռ, երբ կան արական սեռական օրգաններ, բայց ինքը 2 իքս խրոմոսով կին է, և հակառակը: Սրանից սարքել ավանդական արժեքներ, հայու գեն և չգիտեմ ինչ՝ արդեն բոլորը հասկացել են, որ անիմաստ է:
Խորհրդարանականների օրակարգում նաև «Դեղերի մասին» օրենքի փոփոխություններն էին: Հիմնական նպատակը ոլորտում իրացման խախտումները բացահայտելու գործընթացը կարգավորելն է: Գործող օրենքով՝ տեսչական մարմինը դեղատանը ստուգում իրականացնելուց 3 օր առաջ պետք է պատշաճ տեղեկացներ ստուգման մասին, արդյունքում՝ 3 օրում դեղատունը բոլոր թերացումներն ու բացթողումները վերացնում էր, տեսչական մարմին էլ անգամ ահազանգ ունենալով՝ խնդիր չէր հայտնաբերում:
Նարեկ Զեյնալյան - Մենք նախագծով առաջարկում ենք այդ եռօրյա ժամկետը հանել, իսկ դեղատունը համարվի ծանուցված, երբ տեսուչը ներկայացնում է ծանուցաթերթը, և, անկախ տնօրենի ներկայությունից, կիրականացվի ստուգում:
Եթե օրենքն ընդունվի, տեսչական մարմինը ստուգման նպատակով ձեռք բերված դեղերը վերադարձնելու հնարավորություն կունենա:
Նարեկ Զեյնալյան - Եղել են դեպքեր, երբ ՊԵԿ-ն է հայտնաբերել դեղ, որը հետագայում պարզվել է, որ անօրինական ներկրված է, զուտ իր գնում իրականացնելու գործիքով:
Քննարկված նախագծերը հանձաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն ԱԺ լիագումար նիստում:
Հեղինակ՝ Անի Օհանյան