Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում, որի նպատակն է, դեղերի շրջանառության ոլորտում որոշակի վերահսկողություն իրականացնելով, անօրինական ներկրված, չգրանցված, ժամկետանց, կեղծ դեղերի վաճառքը հնարավորինս կանխելն ու ռիսկերը նվազեցնելը: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Գործող օրենքով, ըստ էության, Տեսչական մարմինը պետք է և պարտավոր է երեք օր առաջ պատշաճ ծանուցել դեղատանը՝ ստուգումներ իրականացնելու համար: Երեք օր անց՝ ստուգում իրականացնելիս, որևէ խնդիր չէր հայտնաբերվում: Տեսչական մարմինը ծախսում էր ռեսուրսներ, սակայն արդյունավետությունը բավականին ցածր էր: Նախագծով առաջարկվում է հանել պատշաճ ծանուցման եռօրյա ժամկետը. դեղատունը կհամարվի ծանուցված այն պահից, երբ տեսուչը կներկայացնի ծանուցաթերթը, և անկախ տնօրենի ներկայությունից՝ աշխատակիցը կարձանագրի ծանուցված լինելու փաստը, և կիրականացվի ստուգում:
Նախագծով նախատեսվում է նաև լրացում կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում՝ ամրագրելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված դեղերը վերադարձնելու հնարավորություն:
Հարակից զեկուցող, ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը կարևորել է դեղերի ոլորտում վերահսկողության անցկացմանը վերաբերող օրենսդրական փաթեթի ընդունումը: Կառավարության կողմից ներկայացվել են որոշ տեխնիկական առաջարկություններ, որոնք արժանացել են հավանության:
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հավելել է, որ պետք է հստակ մեթոդաբանության հիման վրա կատարվեն ստուգումները: Ըստ հիմնական զեկուցողի՝ կեղծ դեղորայքի հայտնաբերման խնդիր կա. արձանագրվել է երկու դեպք, երբ կեղծ դեղորայքը պատահական հայտնաբերվել է բժշկի կողմից և լաբորատոր հետազոտության միջոցով հաստատվել է: «Պետք է քայլեր ձեռնարկել, ներդնել խախտումների բացահայտման օրենսդրական գործուն մեխանիզմներ, որպեսզի նման դեպքեր ՀՀ-ում հնարավորինս չլինեն»,- ասել է նա:
Լրամշակված նախագիծն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում ստացել է դրական եզրակացություն: