ՁԵՌՆԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ. ԴՈՆՖՐԻԴԻ ԿՈՉԸ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հորդորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին անհապաղ ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը։ Նա խրախուսել է երկու նախարարներին կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում:
ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՓԱԼՈՆ
Ալիևը շարունակում է ստել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Ակնհայտ ապացույցներ կան, որ խաղաղ բնակիչներին կենսական նշանակության սննդամթերքի և դեղորայքի մատակարարման արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Մտահոգիչ է նաև այն փաստը, որ Ալիևը փառաբանում է «խոսքի ազատությունը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին վտանգ սպառնալու համար»,- նշել է Փալոնը։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և համաշխարհային առաջնորդները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն այս մարդածին աղետին վերջ տալու համար:
«Առաջիկա օրերին 120 000 անմեղ կյանք կարող է վտանգվել: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել՝ դիտելով, թե ինչպես է իրական աղետ հասունանում մեր աչքերի առաջ։ Ես շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ը օգտագործի բոլոր հնարավոր դիվանագիտական գործիքները՝ վերջ դնելու այս դաժան շրջափակմանը»,- հավելել է կոնգրեսականը։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների հասանելիության։ «Տեղաշարժի ազատությունը և տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը պետք է երաշխավորվեն»,- նշված է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆԵՐԸ
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի օմբուդսմեններ Տատյանա Մոսկալկովան, Դմիտրի Լյուբինեցը և Շերեֆ Մալքոչը չորեքշաբթի Անկարայում եռակողմ հանդիպում են ունեցել՝ «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի օմբուդսմենի գրասենյակից։
Հանդիպումը սկզբում ընթացել է երկկողմ ձևաչափով, այնուհետև ռուս և ուկրաինացի օմբուդսմեններին են միացել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն ու Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը:
Ըստ վերջին տեղեկությունների, Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են գերիների փոխանակումը 40-ը՝ 40-ի դիմաց ձևաչափով։ Եռակողմ բանակցություններում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի օմբուդսմենը, նախատեսվում է քննարկել ուկրաինական ճգնաժամից տուժածներին օգնություն ցուցաբերելու և ընտանիքների վերամիավորման համար մարդասիրական միջանցք ստեղծելու հարցը։