Արցախը պատրաստ է Ադրբեջանի հետ երկխոսության՝ քաղաքական խնդիրները լուծելու վերաբերյալ. Հայաստանի ու աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, Ադրբեջանի փակելուց 1 ամիս անց հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, նշեց՝ մինչև օրս բոլոր խոսակցությունները եղել են տեխնիկական մակարդակի:
Ռուբեն Վարդանյան (Արցախի պետական նախարար) - Մենք երկխոսության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք երկխոսել միայն այն թեմաների շուրջ, որոնք մենք ենք համարում կարևոր: Այսինքն՝ մենք պատրաստ ենք քաղաքական երկխոսության, այլ ոչ թե՝ ինչ լայնության պետք է լինի ճանապարհը, կամ նման տեխնիկական հարցերն ինչպես պետք է լուծվեն, որն առաջարկում էր Ադրբեջանը:
Անդրադառնալով ադրբեջանական կեղծ պնդումներին, թե ճանապարհը փակ չէ, և մեկ ամսվա ընթացքում Բերձորի միջանցքով 400 մեքենա է անցել, Արցախի պետնախարարն ընդգծեց՝ մինչև ճանապարհի փակվելը միջանցքով անցնող մեքենաների քանակը մեկ օրվա ընթացքում այդ թվից 2 անգամ ավելի էր: Խնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերում Ռուսաստանից թեև ավելի շատ սպասելիքներ ունի, ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը Վարդանյանը չքննադատեց: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների թվի ավելացման և առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունից խոսեց: Արցախի արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանն էլ ընդգծեց՝ ադրբեջանական գործողություններն ուղղված են ռուսաստանցի խաղաղապահներին հեղինակազրկելուն:
Սերգեյ Ղազարյան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ադրբեջանական սադրանքի ջրաղացին ջուր լցնի՞: Մենք բոլոր խնդիրները, ինչ խնդիրներ առաջանում են, տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր լինում են, քննարկում ենք ու այդ քննարկումներին լուծումներ գտնում ենք:
Հայաստանի հասարակական դաշտից ու քաղաքացիներից Ռուբեն Վարդանյանն ավելի մեծ ուշադրություն է ակնկալում արցախցիների խնդիրներին, Սփյուռքից ևս ակնկալիքներն ավելի են: Պետնախարարն անդրադարձավ նաև Հայաստանի կառավարության դիրքորոշմանը:
Ռուբեն Վարդանյան - Իրենք աջակցում են ֆինանսապես, իրենք աջակցում են իրավական ուղղությամբ, և իրենք ասել են՝ այսքանը կարող ենք անել, ավելին չենք կարող անել: Կապ չունի, թե ես ինչ եմ իրենցից սպասում, իրենք իրենց պատասխանը տվել են, իրենք կարող են այսքանը անել: Մենք շնորհակալ ենք այդ ամենի համար:
Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների լայնածավալ խախտումների դատապարտմանն ուղղված քայլեր էլ միջազգային հանրությունից ակնկալում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծվել է պարենային ճգնաժամ, դադարեցվել են պլանային վիրահատությունները, բուժօգնության կարիք ունեցող հիվանդները չեն կարողանում տեղափոխվել Հայաստան: Գեղամ Ստեփանյանը Բաքվի գործողությունները մարդկության դեմ հանցագործություն է որակում:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Միջազգային արձագանքն այս հարցում պետք է շատ հստակ լինի, այլապես մենք իրապես կանգնած են շատ մեծ հումանիտար ճգնաժամի և շատ մեծ հումանիտար աղետի առաջ:
Շրջափակման մեջ գտնվող արցախցիները վերահաստատում են՝ իրենց պայքարը ոչ թե պարզապես շրջափակման դեմ է, այլ պայքար է սեփական հողում ապրելու իրավունքի համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան