Մենք հունվարի 9-ից սկսել ենք դասապրոցեսը, և գործում է համաճարակային ֆիլտր: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Դպրոցների և մյուս ուսումնական հաստատությունների պարագայում առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք, իհարկե, համաճարակային իրավիճակին, և համապատասխան ցուցումների պարագայում, բնականաբար, պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել: Այս պահին իրավիճակը բավականին վերահսկելի է, և կարծում եմ՝ եթե այդ ֆիլտրը գործի, այսինքն՝ հիվանդ երեխաները և աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց և դրանով զերծ պահեն վարակի տարածումից, ապա կկարողանանք նաև դասապրոցեսի մասով որևէ ընդհատում չունենալ: Եթե կարիք լինի, լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին կարիք չկա»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: