Ներդրվել են ուսուցչի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, առանձնացվել են վարչատնտեսական և ուսումնական գործընթացները. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում վարչապետին ներկայացվել է՝ գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
Զեկուցվել է, որ Երևանի և մարզերի նախադպրոցական 60 հաստատությունում մեկնարկել է նոր չափորոշչի փորձարկման գործընթացը: Առաջին անգամ իրականացվել են մասնագիտական զարգացման ծրագրեր, նախատեսվում է ներդնել հավելավճարի մեխանիզմ: Հանրակրթության ոլորտում ևս փորձարկման փուլում է նոր չափորոշիչը, 2023թ. սեպտեմբերից այն փուլային սկզբունքով կսկսվի ներդրվել բոլոր դպրոցներում, գործընթացը նախատեսվում է ավարտել 2026թ.:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է կրթության նոր չափորոշիչների ներդրման կարևորությունը, անդրադարձել նաև ատեստավորման բաղադրիչին, դասագրքերի տպագրության և բաշխման քաղաքականությանը և նշել, որ թղթային տարբերակին զուգահեռ պետք է աշխատել նաև էլեկտրոնային կրթական հարթակների զարգացման ուղղությամբ:
Մարզերից մի քանիսում մեկնարկել է համընդհանուր ներառման գործընթացը, որի շրջանակում 2022թ. սեպտեմբերից իրականացվում է կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորում:
Մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որն արդեն իրականացվում է 25 դպրոցում: Էլեկտրոնային ուսուցման ծրագիրն իրականացվում է 9 մարզում, շահառու աշակերտների թիվը 6500 է, թվայնացվել է ավարտական վկայականների տրամադրման գործընթացը:
Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում փորձարկվել են պետություն-մասնավոր համագործակցության մի շարք մոդելներ, որի դրսևորումներից է Տավուշի մարզում Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի ստեղծումը:
Զեկուցվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ընթացքի մասին: Նշվել է, որ մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և նախագծման աշխատանքներն ավարտվել են: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը ռազմավարական առաջնահերթություն է և հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը՝ պարբերական մոնիտորինգ իրականացնելով շինարարության ընթացքի և որակական չափանիշների նկատմամբ:
Բարձրագույն կրթության ոլորտում վերանայվել են կրթական ծրագրերը, հաստատվել է որակավորումների 21 ոլորտային շրջանակ, մշակվում է բուհերի ֆինանսավորման նոր բանաձև՝ կատարողականի բաղադրիչի ներդրմամբ: Շարունակվում են ակադեմիական քաղաքի հիմնման շուրջ քննարկումները: Անդրադառնալով հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կրթաթոշակային քաղաքականությանը՝ վարչապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել դրանք լավարկելու առաջարկներ ի շահ բարձր առաջադիմություն ունեցող դպրոցականների և ուսանողների:
Իրականացվել են պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Ազգային ժողով է ներկայացվել հուշարձանների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը: Աշխատանք է տարվում թանգարանների կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ, մշակվում է միասնական տոմսային էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը: Վարչապետը կարևորել է մշակութային և գեղարվեստական կրթության ծրագրերը այդ թվում դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագիրը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել դրանց պատշաճ իրականացումը:
Սպորտի բնագավառում իրականացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական 5 մրցաշար՝ շուրջ 5300 մասնակցով: ՀՀ հավաքականների մարզիկները միջազգային մրցումներում և առաջնություններում նվաճել են 307 մեդալ, աջակցություն է տրամադրվել մարզական ֆեդերացիաներին: Կրկնապատկվել է պետական միանվագ աջակցությունը սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և մարզիչներին: 2022թ. Հայաստանում անցկացվել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը և սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, 2023թ. ևս նախատեսվում է մի շարք առաջնությունների անցկացում: Վարչապետին զեկուցվել է նոր սպորտային համալիրների կառուցման, նաև գործող մարզական հաստատությունների նորոգման ընթացքի մասին: