Անցած տարվա փետրվարից Ուկրաինայից Թուրքիա է ժամանել մոտ 75 հազար փախստական։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, որը մասնակցել է հունվարի 11-12-ը Անկարայում անցկացվող «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» օմբուդսմենների միջազգային համաժողովին:
«Երախտագիտության խոսքեր եմ ասել Թուրքիային, որն Ուկրաինայից ընդունել է երկրի գրեթե 75 հազար քաղաքացիների, որոնցից 18 հազարը երեխաներ են»,- գրել է Լուբինեցը:
Համաժողովի շրջանակում Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան հունվարի 11-ին հանդիպում է ունեցել Լուբինեցի հետ, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ թուրք պաշտոնակից Շերեֆ Մալքոչի մասնակցությամբ: Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են գերիների փոխանակումը 40-ը՝ 40-ի դիմաց ձևաչափով։