ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության նիստի ընթացքում, խոսելով թվային տեխնոլոգիաների, նոր սերնդի նույնականացման քարտերի մասին, նշեց, որ նպատակ կա ունենալ կրիչ, որը պարունակի ամբողջ այն տեղեկատվությունը, որ քաղաքացուն անհրաժեշտ է լինելու տարբեր իրավիճակներում ու գործարքներում:
«Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել իդենտիֆիկացիայի քարտեր, որոնք կպարունակեն ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է՝ տրադիցիոն: Դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փաշինյանն էլ մանրամասնեց, որ նոր համակարգը պետք է թույլ տա բացառել նույնականացման քարտը ձեռքի տակ ունենալու անհրաժեշտությունը:
«Ներհայաստանյան կյանքում նույնականացման քարտ քաղաքացուց չպետք է ուզեն: Նրա բջջային հեռախոսի վրա պետք է լինի հավելված, որի ինֆորմացիան բոլոր անհրաժեշտ տեղերում արտացոլվի»,-ասաց նա: