Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղու արգելափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Արցախի բնակիչները, որոնցից շուրջ 30 000-ը երեխաներ են, մեծապես զրկված են կենսական նշանակության դեղորայք ստանալու հնարավորությունից։ Իսկ հատկապես մանկական կերի սղությունը լրջորեն սպառնում է միայն դրանցով սնվող նորածինների առողջությանն ու զարգացմանը:
Արցախցի առնվազն 50 դիմորդ զրկվել է բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից:
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի 50 դիմորդ զրկվել է Հայաստանի բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից, որը Հայաստանում մեկնարկում է հունվարի 15-ից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից այս փուլում հայտագրվել է առնվազն 50 աշակերտ:
Ինչ է դա նշանակում:
Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան մեկնելու և կրթություն ստանալու իրենց իրավունքի իրացման հնարավորություններից։
Արցախում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ խստացումներ են մտցվել:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած կանխիկի դրամաշրջանառության խնդիրների պատճառով՝ Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:
Ինչ է դա նշանակում:
Շրջափակման պատճառով Հայաստանից լրացուցիչ կանխիկ գումարի մատակարարման անհնարինության և բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացման պատճառով բնակչության ստվար խմբեր խնդիրներ ունեն կանխիկ գումարի ձեռք բերման հետ կապված, որը կարգավորելու նպատակով կգործի նշված սահմանաչափը:
Օպերատիվ շտաբի հայտարարությունը էլեկտրամատակարարման շարունակական խնդիրների հետ կապված:
Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը:
Հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները: Ընդունվել է Արցախի ԱԽ հայտարարություն։
Անվտանգության խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Համաձայն հրամանագրերի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար:
Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար:
Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշում Արմեն Մանգասարյանին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել:
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի հրավիրած խորհրդակցությանը կատարվել են հետևյալ շեշտադրումները՝
-
Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլև խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար։
-
Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:
-
Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը:
-
Կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ այն պարտավոր է պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:
Այսօր կկայանա առցանց տեղեկատվական միջոցառում Արցախի շրջափակման մեկամսյակի առթիվ:
Հունվարի 12-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի ժամանակով կկայանա «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» առցանց տեղեկատվական միջոցառումը։
Մասնակիցներ՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան, Կառավարության և խորհրդարանի անդամներ և շրջափակումից տուժած քաղաքացիներ։
Ձևաչափ՝ Տեղեկատվական ճեպազրույց, որին կհաջորդի մամուլի ասուլիս:
Ուղիղ հեռարձակմանը կամ տեսագրությանը կարելի է հետևել հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Օրվա վիճակագրական թարմացումներ
-
11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
-
6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
-
Արդեն 118 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
-
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 380 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
-
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
-
690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ (ընդհանուր թվի 14,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
-
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3 200 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
-
Ավելի քան 12 400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
-
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 32 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը:
-
Շրջափակման պատճառով Արցախի 120 000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, հաշմանդամություն ունեցող 9 000 անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: