Ադրբեջանը շարունակում է Աղավնո-Բերձոր հատվածում խոչընդոտել Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վերականգնմանը: «Արցախէներգո» ընկերությունը ստիպված է հովհարային անջատումներ անել՝ առայժմ օրական երկու ժամով: Արտադրամասերում փորձում են իրենց աշխատանքային գրաֆիկն անջատումներին համապատասխանեցնել:
Մելսոն Սարգսյան (ընկերության հիմնադիր տնօրեն) - Անջատումը կատարվել է երեկոյան կողմ՝ ժամը 4-ից մինչև 6-ը, այդպիսի մեծ նշանակություն չի ունեցել արտադրամասի արտադրության վրա, որովհետև մինչև ժամը 3-ը հիմնական արտադրանքի պահով արտադրությունը կարգավորված է լինում: Արդեն ժամը 4-ից հետո, քանի որ լույս չկա, տաք ջուր չկա, աշխատողներին ուղարկում ենք տուն:
Ավելի բարդ է այն արտադրամասերի վիճակը, որոնք, բացի հովհարային անջատումներից, նաև հումքի խնդիր ունեն: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է՝ ո՛չ ներմուծել են կարողանում, ո՛չ արտահանել:
Մելսոն Սարգսյան - Շշերը, խցանները, թերմոկապսները, որոնք նույնպես չենք կարողանում: Ունենք որոշակի քանակություն, ինձ թվում է՝ կհերիքի, երևի, մեկ ամսվա կտրվածքով, դրանից հետո կունենանք այն, ինչ որ ունենք:
Հրուշակեղենի այս արտադրամասում հիմա աշխատում են բացառապես տեղական մթերքով, ինչը, սակայն, չի բավարարում առկա պահանջարկը:
Գայանե Մեհրաբյան (հրուշակագործ) - Հաճախորդները զանգելով ասում են՝ ոչ մի բան չենք անում, միայն տորթիկը, որ երեխան փչի, դրանով ենք ուրախանում: Ուրախ ենք, որ դեռ պատվեր չենք մերժել, պատվերներն անում ենք, մաքսիմալ հարմարեցնում ենք հաճախորդի ցանկությունը մեր հնարավորության հետ և կազմակերպում:
Աշխատանքի փոքր ծավալը դեռ կրճատումների չի հանգեցրել: Որպեսզի բոլորն աշխատանք ունենան, հրուշակագործներն աշխատում են հերթափոխով:
Գայանե Մեհրաբյան - Փորձում ենք կազմակերպել այնպես, որ ոչ ոք տանը չմնա, ամենը ունի իր հոգսը, իր ընտանիքը:
Ընտանեկան հոգսերն ու սոցիալական խնդիրներն օր-օրի ավելանում են առաքման ոլորտում աշխատողների մոտ: Մեկ ամիս է՝ Հայաստանից չեն կարող ապրանք ներկրել:
Ռոման Հովհաննիսյան (առաքիչ) - Մի ամիս է, որ չենք աշխատում, լուրջ խնդիրներ կան խանութներում, արդեն սպառվել է եղածը, որը բաժանել էինք: Նաև ունենք մեր ընտանեկան խնդիրները՝ չենք աշխատում, ուրեմն չենք վարձատրվում, լուրջ խնդիրներ ունենք գումարի հետ կապված:
Արտադրամասերի սեփականատերերն ու աշխատակիցները հույս ունեն, որ Ադրբեջանի իշխանության բացահայտ հովանավորությամբ գործող կեղծ բնապահպան ակտիվիստներն օր առաջ կբացեն ճանապարհը և Արցախում բնականոն կյանքը կվերականգնվի: