ԼՂ-Ն ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿ
Ադրբեջանի նախագահն իր վերջին հայտարարությամբ ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված հասցնում է հումանիտար աղետի, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: Հունվարի 10-ին Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են հեռանալ, քանի որ նրանց հեռանալու համար ճանապարհը բաց է:
Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ խոսնակ) - Ադրբեջանն ընդունում է, որ իր գործողությունների վերջնանպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելն է, Լեռնային Ղարաբաղի հայությանն իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկելը: Այս պայմաններում միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հստակ գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և փրկել արցախահայությանը վերահաս արհավիրքից: Չի կարելի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել հայրենիք ունենալու և իրենց հայրենիքում կենսագործունեության բնական իրավունքից:
ՀՀ-Ն ԵՐԲԵՎԷ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ ԱՐՏԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ
Նույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չնայած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տերմինը չկա, բայց այն լինելու է՝ անկախ հանգամանքից` Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ: Արտգործնախարարության խոսնակը վերահաստատում է այս հարցի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը՝ Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը։
Վահան Հունանյան - Ողջունելի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես ինքն էլ անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված «միջանցքի» մասին պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: Իսկ ուժով միջանցք բացելու մասին սպառնալիքները ևս մեկ անգամ ակնառու կերպով ի ցույց են դնում միջազգային իրավունքում առանցքային դեր ունեցող «ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման» սկզբունքի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների նկատմամբ պաշտոնական Բաքվի բացարձակ արհամարհանքը:
ՀՀ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ. ՀՈՒՆԱՆՅԱՆ
Իլհամ Ալիևը նաև անդրադարձել էր ԵՄ դիտորդական առաքելությանը՝ իր դժգոհությունը հայտնելով Հայաստանում նոր դիտորդական առաքելության տեղակայման հնարավորության վերաբերյալ: Հունանյանի խոսքով՝ Երևանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը. չէ՞ որ խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում առաքելության իրագործման հնարավորության մասին է:
Վահան Հունանյան - Ըստ ամենայնի` ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ ԵՄ նոր առաքելությունը խոչընդոտ կհանդիսանա ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նոր ագրեսիա ձեռնարկելիս, ինչի վտանգը շարունակում է շատ բարձր մնալ:
«Հաշվի առնելով այս հռետորաբանությունը՝ արդյոք բանակցությունները կարելի է ավարտված համարել» հարցին՝ արտգործնախարարության խոսնակը նշում է. «Ամենևին: 2022 թ. դեկտեմբերին Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կամ, ինչպես ընդունված է ասել, խաղաղության պայմանագրի նախագծի իր առաջարկներն է ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում է նրանց արձագանքին»: