ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման ու նաև ՀՀ-ից ԼՂ էլեկտրագծի աշխատանքի խափանման թեմաներին:
«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր: Երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին ՀՀ-ից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը:
Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ոչ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ:
ԼՂ-ին էլեկտրական էներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել: Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում:
«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է: Մյուս կողմից՝ մենք պետք է որոշակի պատկերացում ունենանք, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Առաջին հերթին վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս: Եվ հետո՝ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է:
«Չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի և ռազմական էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը:
«Մյուս կողմից, մեր դիվանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող մեր բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պիտի կրկնապատկեն ջանքերը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ: Այս իմաստով հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին: ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը ձևավորվել է Հայաստանում, պիտի շարունակի հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը: