ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը և տեղակալը շրջել են գրադարանի տարածքում, ծանոթացել կառույցի շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, գրադարանային ծառայություններին: Նախարարին ներկայացվել են գրադարանում կատարվող թվայնացման աշխատանքները, գրապահոցային պահպանության, ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահների պայմանները:
«Ակնհայտ է, որ հսկայական աշխատանք է արվել, սակայն անելիքները դեռ շատ են: Պետք է հասկանանք՝ ամբողջական բարեփոխումների համար ինչ ռեսուրսի կարիք կա, և առաջ գնանք բոլոր խնդիրների լուծման ճանապարհով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Զեկուցվել է, որ Ազգային գրադարանում այժմ իրականացվում են ջեռուցման համակարգի նորոգման աշխատանքներ: Ընթացքի մեջ է քարտերի նույնականացման գործընթացը՝ համահունչ նոր տեխնոլոգիական պահանջներին: Ըստ նախորդ տարվա վիճակագրության՝ էլեկտրոնային եղանակով գրականության պատվեր կատարել է ընթերցողների շուրջ 25 տոկոսը, ինչը դրական ցուցանիշ է:
Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են նաև առաջիկա անելիքներն ու խնդիրները, ինչպես նաև քննարկվել են խնդիրներին ամբողջական լուծում տալու հնարավորությունները: