ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, «Սիվիլնեթ»-ի հարցին ի պատասխան, անդրադարձել է ՀԱՊԿ քարտուղարության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների չեղարկման հարցի առնչությամբ մեկնաբանությանը։
Հարց. Երեկ ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների չեղարկման հարցի առնչությամբ մեկնաբանությամբ: Ի՞նչ կարող եք ասել դրա վերաբերյալ:
Պատասխան. Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։
ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։
Քարտուղարության խնդիրները հստակորեն սահմանված են Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում: Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է:
Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին՝ Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով: