ՁԵՌՆԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ. ԴՈՆՖՐԻԴԻ ԿՈՉԸ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հորդորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ անհապաղ ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը։ Նա խրախուսել է երկու նախարարներին՝ կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում:
ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՓԱԼՈՆ
Ալիևը շարունակում է ստել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Ակնհայտ ապացույցներ կան, որ խաղաղ բնակիչներին կենսական նշանակության սննդամթերքի և դեղորայքի մատակարարման արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Մտահոգիչ է նաև այն փաստը, որ Ալիևը փառաբանում է «խոսքի ազատությունը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին վտանգ սպառնալու համար»,- նշել է Փալոնը։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և համաշխարհային առաջնորդները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն այս մարդածին աղետին վերջ տալու համար:
«Առաջիկա օրերին 120 000 անմեղ կյանք կարող է վտանգվել: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել՝ դիտելով, թե ինչպես է իրական աղետ հասունանում մեր աչքերի առաջ։ Ես շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ը օգտագործի բոլոր հնարավոր դիվանագիտական գործիքները՝ վերջ դնելու այս դաժան շրջափակմանը»,- հավելել է կոնգրեսականը։
Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հարավային Նևադայի հայկական մեծ համայնքը և կիսում եմ նրանց մտահոգությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լին:
«Արդեն մեկ ամիս է անցել շրջափակման սկզբից, որը հանգեցրել է պարենի, կենսական կարևոր դեղամիջոցների և հումանիտար օգնության հասանելիության դադարեցմանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային»,- գրել է կոնգրեսականը։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների հասանելիության։ «Տեղաշարժի ազատությունը և տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը պետք է երաշխավորվեն»,- նշված է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։