Հայաստանում տարեկան մոտ 36 500 ծնունդ է գրանցվում: Ծնելիության գործակիցը 1,6 է: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 10-ը ընտանիքում ծնվում է 16 երեխա: Բնական աճ ունենալու համար գործակիցը պետք է լինի առնվազն 2,11: Եթե 2014-ից հետո մեր երկրում ամեն նախորդ տարվա համեմատ ծնունդների անկում էր գրանցվում: 2020-ից իրավիճակը փոխվել է:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - 2020-ը բեկումնային եղավ այն առումով, որ մոտ 1 տոկոս աճ ունեցանք, և սկսած 2020-ից կայունացնող թիվ ենք ունենում:
Միաժամանակ, աճին զուգահեռ, փոխվել է ծնունդների կառուցվածքը: Ընդհանուր ցուցանիշում աճել է 3-րդ և հաջորդ երեխաների թիվը:
Դավիթ Խաչատրյան - 2017-ին եթե ունեինք 8300 երեխա 36-37 հազարի մեջ, ապա 2022-ին այդ թիվը մոտ 12 հազար է:
Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար Կառավարությունը վերջին տարին մեկնարկել ու իրականացնում է մի շարք ծրագրեր: Ծննդյան միանվագ, խնամքի նպաստի չափերի փոփոխություն, բնակարանային ապահովության ծրագիր և այլն: Փոխնախարարի համոզմամբ՝ դրանք իրենց դրական ազդեցությունն արդեն ունեն:
Դավիթ Խաչատրյան - 2022-ի հունվարից մեկնարկեց երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ աջակցությունը: Մինչև երեխայի 6 տարին լրանալը երեխան ստանում է ամսական 50 հազար դրամ: Սա նույնպես լուրջ խթանիչ գործիք դարձավ, և կարծում ենք՝ առաջիկա տարիներին կշարունակի իր արդյունքը գրանցել:
2020-22 թթ. Բնակարանային ապահովության ծրագրի շահառու է դարձել 5400 ընտանիք: Պետբյուջեից ծրագրին ուղղվել է մոտ 3,8 մլրդ դրամ:
Դավիթ Խաչատրյան - Հատկանշական է, որ 2020-ի հուլիսից մինչև 2021 թ. ավելի փոքր թվով շահառու ենք ունեցել, քան միայն 2022-ին: 2022-ին՝ 3400 շահառու, 2020-21 թթ.՝ 2300:
Պետական նպաստի մասին օրենքի փոփոխությամբ նպաստը սահմանվել է նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: Հունվարից նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է:
Դավիթ Խաչատրյան - Հունվարի 1-ից հետո ծնված երեխաների մասով մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափը սահմանվել է 37 500 դրամ:
Եթե հունվարի 1-ից հետո ծնված երեխայի մինչև 2 տարին լրանալը ծնողն աշխատանքի վերադառնա, նպաստը չի դադարի, կպահպանվի 85 տոկոսի չափով՝ 31 600 դրամ:
Դավիթ Խաչատրյան - Այս տարվա հունվարի 1-ից հետո ծնված երեխաների մասով փոփոխությունն այն է, որ արդեն քաղաքաբնակ չաշխատողները նույնպես կսկսեն ստանալ այդ նպաստը:
Ընդհանուր առմամբ՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի համար հատկացված գումարն աճել է մոտ 50 տոկոսով: Եթե 2022-ին նախատեսված էր 33 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացել է, 2023-ի բյուջեով նախատեսված է մոտ 50 մլրդ: Մշակման փուլում է ժողովրդագրության ռազմավարությունը՝ որոշելով գլխավոր թիրախներն ու անելիքները: Կառավարության սահմանած նպատակը մինչև 2050-ը մեր բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելն է: