Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, այդպես արտացոլված է նաև Կառավարության ծրագրում:
Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է: 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան»,- ասաց Միրզոյանը:
Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:
«2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվել, և այժմ այս համաձայնագրի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ կա»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց.
«Այս համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն այսուհետ սահմանը կարող են հատել նույնականացման քարտով, այսինքն՝ անձնագրի անհրաժեշտություն չեն ունենալու»: